«Մենք շահել ենք այս դատը, սիրելի հայրենակիցներ, մեր հավաքը լինելու է Հանրապետության հրապարակում՝ ժամը 17:00-ին, դատարանի օրինական որոշմամբ»,- Վերաքքնիչ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտնել է ԼեհաստանումՀՀ նախկին դեսպան, ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, «Համախմբում» շարժման ներկայացուցիչ Էդգար Ղազարյանը:
Հիշեցնենք, որ նա օգոստոսի 16-ին ծանուցում էր ներկայացրել Երևանի քաղաքապետարան օգոստոսի 23-ին՝ ժամը 17։00-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք անցկացնելու թույլտվություն ստանալու համար։ Հանրային լսումներ են հրավիրվել։ Երևանի քաղքապետարանը, հիմնվելով Ոստիկանության բացասական կարծիքի վրա, թույլ չէր տվել հանրահավաքն անց կացնել Հանրապետության հրապարակում։ Պատճառաբանվել էր, թե Կառավարության թիվ 1 շենքի գործունեությունը կվտանգվի։ Քաղաքապետարանն առաջարկել էր հանրահավաքի այլ տարածք՝ Ստեփան Շահումյանի անվան հրապարակ։ Էդգար Ղազարյանը որոշումը բողոքարկել էր։ Օգոստոսի 20-ին Վարչական դատարանում տեղի է ունեցել հայցի քննություն, որի ընթացքում դատարանը հայտնել է, որ վճիռը կհրապարակի օգոստոսի 22-ին, ինչը և այսօր արել է։
«Քիչ առաջ Վարչական դատարանը բավարարել է մեր հայցը, և վաղը՝ ժամը 17:00-ին, մեր հավաքը լինելու է այնտեղ, որտեղ որ մենք էինք որոշել, այլ ոչ թե Ոստիկանությունը կամ նրա որոշումներով առաջնորդվող քազաքապետարանը: Վաղը՝ 17:00-ին, Հանրապետության հրապարակում վստահ տալիս ենք մեր ծանուցումը: Հրապարակը պատկանում է ժողովրդին, հրապարակը պատկանում է իշխանությանը, և իշխանության տերը ժողովուրդն է, և վաղը ժողովուրդն այդ հրապարակից կորոշի՝ ով է լինելու իր վաղվա իշխանավորը»,- փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ ուղիղ եթերում ասաց Էդգար Ղազարյանը։