«100 տոկոսով մերոնք են, չկրակեք». Արցախի պաշտպանության բանակի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի այս խոսքերը բախտորոշ եղան Ցորի զորամասի հրետանավորների համար:
Զոհերից մի մասի մասունքները ռուս խաղաղապահների աջակցությամբ ծնողներին հանձնվեցին տղաների զոհվելուց մեկ տարի երկու ամիս հետո միայն: Զոհվածների հարազատները առաջին անգամ հարցաքննվել են 2020թ.-ի դեկտեմբերի 14-ին ու վերջ… Գործը թղթի վրա, խնամքով պահվում է դարակում: Այս գործով կալանավորված է հրետանային դիվիզիոնի շտաբի պետ, մայոր Գևորգ Գևորգյանը:
Ըստ հարազատների՝ Ցորի գործով պետք է կալանավորվեն նաև Ջալալ Հարությունյանը, ՊԲ հրետանու պետ Գենա Բաղդասարյանը:
«5-րդ անմիսն է՝ Ջալալ Հարությունյանի մասով նախաքննությունը ավարտվել է: Ամեն Աստծո օր ասում ՝ այսօր մեղադրանք կառաջադրենք, վաղը կառաջադրենք: Քննչական մարմնում համոզված են, որ Ջալալը մեղավոր է: Բայց և ասում են՝ էնպիսի պաշտոն է զբաղեցնում, որ փոխարինող չունի: Ծիծաղել է, բայց նման պատասխան են տալիս: Մարդասպանը քանի աշխատում է՝ անձնամխելի է, փաստորեն»,- ասում է անհետ կորած զինծառայողի հայր Ջիվան Միքայելյանը:
Հետևողական ենք լինելու, որ դատապարտվեն բոլոր նրանք, ովքեր դավաճանեցին Հայրենիքը, տղաներին մտածված մահվան տարան: Եթե ոչ Հայաստանում, ապա միջազգային հարթակներում ենք հասնելու արդարության. համոզված է Եղիշե Զաքունցը:
«Դատախազական համակարգից մի բարձրաստիճան պաշտոնյա, անունը չտամ, ասաց. «Մենք ձեր կողմից ենք բայց… Այոʹ, ինքը մեղավոր է (խմբ. Խոսքը Նիկոլ Փաշինյանի մասին է), բայց ոնց եք պատկերացնում՝ ես ձերբակալեմ երկրի առաջին դեմքին…»,-նշեց անհետ կորածի հարազատ Եղիշե Զաքունցը:
Պետությունը անգործություն ցուցաբերեց տղաների մարմինները որոնելիս, դիտորդի դերում է նաև հիմա, ավելին՝ քաղաքական որոշում կա՝ ամեն գնով ձգձգել գործի քննություն. համոզված են հարազատները:
Նրանք չեն վստահում նաև 44-օրյա պատերազմի հետևանքները քննող հանձնաժողովին: Անդրանիկ Քոչարյան, Սամվել Բաբայան, Արծրուն Հովհաննսիայն և այլք, այս կազմով, իրենք իրե՞նց պետք է քննեն, ինչ է. հռետորական հարց են հնչեցնում հարազատները:
Ցորի գործով բոլոր փաստերը փաստաթղթավորել են. դրանք առաջիկայում միջազգային տարբեր կառույց-կազմակերպություններ, դատարաներ կուղարկեն:
Հիշեցնենք, որ քրեական գործով Գեւորգ Գեւորգյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասով. ըստ նախաքննական մարմնի՝ անձնական շահագրգռվածությունից ելնելով` սեփական կյանքը փրկելու նպատակով, ՊԲ N զորամասի հրետանային դիվիզիոնի պատասխանատու սպա, մայորը դրսևորել է իշխանության անգործություն, որն առաջացրել է ծանր հետևանքներ, զոհվել են մարտկոցի քսան պահեստազորայիններ, զինծառայողներ։
Նախաքննության ընթացքում Գևորգյանը ցուցմունք է տվել՝ հայտնելով, որ երբ իրենց Ֆիզուլիի հատվածում տեղափոխել են նշված տեղամաս, տվել են նշանակետեր, որոնք Դ-20 տիպի հրանոթով խոցում էին, հասկացել է, որ մեր խոցելի հեռավորությունը 4200 մ է, մինչդեռ այդ տիպի հրանոթը խոցում է մոտ 17 կմ, ինչից մայորի մոտ հարց է առաջացել, թե ինչու այդքան հեռահար խոցող զինտեխնիկան տեղադրված է 4 կմ հեռավորության վրա, ինչի վերաբերյալ մտահոգությունը բարձրացրել է նաև հրամանատարության կազմի մոտ։