Ադրբեջանի Ղարաբաղի շրջանում իրականացված տեղական հակաահաբեկչական միջոցառումներից հետո պարզվել է, որ տարածքի զննման ժամանակ հայտնաբերված TOS-1A ծանր համակարգերի մի քանի հրթիռներ արտադրվել են 2021թ. հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Արցախն Ադրբեջանի մաս համարող Բաքուն, որը սեպտեմբերի 19-ին լայնածավալ պատերազմ սկսեց Արցախում, բավական չէ, որ այն շարունակում է անվանել «տեղական հակաահաբեկչական միջոցառում», դեռ վրդովված է, որ Արցախի Պաշտպանության բանակը սեփական ժողովրդին պաշտպանելու համար զենք է ձեռք բերել։
Թշնամի երկրից հայտնում են, որ պարզվել է՝ տարածաշրջանում հայտնաբերված «Կորնետ» և «Ֆագոտ» հակատանկային հրթիռային համակարգերի կառավարվող հրթիռների մի մասը Հայաստանը գնել է անմիջապես արտադրողից՝ 2020 թվականի վերջին կնքված պայմանագրով եւ առաքել Ղարաբաղ։
Ադրբեջանն Արցախի պաշտպանության նպատակով զենք ձեռք բերելու մեջ մեղադրում է Հայաստանին։ Այսինքն՝ թշնամու համոզմամբ՝ արցախցիներն ինքնապաշտպանություն իրականացնելու իրավունք չունեին՝ շրջապատված լինելով թշնամական զորքերով ու դիրքերով, փաստացի ցեղասպանվելու վտանգի տակ գտնվելով։
Հարց Ադրբեջանին՝ իսկ ինչու է Թուրքիան օգնել ու մինչ օրս օգնում ահաբեկիչ, օկուպանտ իր փոքր եղբորը, որը իրեն տրամադրված զենքերով բռնագրավել է ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանի 200 քկմ-ը։
Հասկանալի է, որ մատնանշելով, թե Արցախում հայտնաբերված հրթիռներն արտադրվել են 2021 թվականին, թշնամի երկիրն ուզում է արդարացնել, թե ինչու էր փակել Լաչինի միջանցքն ու արգելել Հայաստանի հետ կապը։ Իբր տեսեք-տեսե՜ք՝ Հայաստանից Արցախ զենքի մատակակարումն ենք ցանկացել կանխել։
Ահա այսպես է լինում, երբ ահաբեկիչ, ցեղասպան Ալիևի ձեռքը ոչ միայն չեն կտրում, այլև խրախուսում են նրա ստոր գործողությունները։