Ի սկզբանե ակնհայտ էր, որ Բաքուն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կեղծ դատավարություններն իրականացնում էր ոչ թե արդարության կամ բուն դատավարական, այլ զուտ քաղաքականա նպատակներով։ Դրանք հստակ ուղերձներ ունեին՝ առաջին հերթին ադրբեջանական հասարակության մոտ ամրապնդել իշխանության դիրքերը, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանը։
«Հաջորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանի ազգային փոքրամասնություններին և այն անձանց կամ խմբերին, որոնք երբևէ հանձն կառնեն ադրբեջանական իշխանությունների դեմ ազգային շահերի դրոշակ բարձրացնել։
Հաջորդը՝ դատավարությունները տեղավորվում էին արմենոֆոբիայի քաղաքականության մեջ։ Գաղտնիք չէ, որ ժամանակակից ադրբեջանական հասարակության ինքնության հիմնասյուներից մեկը հայատյացությունն է, և սա այն հանգամանքն է, որն ադրբեջանական հասարակությանը համախմբում է պետության և իշխող էլիտաների շուրջ։
Մյուսը, բնականաբար, ուղղված էր հայ հասարակությանը՝ նրանց, ովքեր երբևէ հանձն կառնեն հանդես գալ ազգային խնդիրների պաշտպանության դիրքերից։ Բնականաբար, Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ցմահ ազատազրկման դատավճիռները հրապարակային և ցուցադրական պատիժ էին հայ մարդու, հայկական ինքնության նկատմամբ. ներկայացնել հայկական ինքնությունը որպես ահաբեկչական, մարդկության իրավունքների դեմ ուղղված ինքնություն, որպես հասարակությունների միջև թշնամանքի տարածման ինքնություն։
Սրանք այն ուղերձներն են, որոնք ադրբեջանական իշխանությունները փորձում են ուղղել, արդարացնել իրենց կողմից իրականացված էթնիկ զտումների, հակահայ քաղաքականությունը»,- ասաց քաղաքագետը։
Անդրադառնալով հանգամանքին, որ հայ գերիներին Բաքուն ցմահ ազատազրկման է դատապարտել Աբու Դաբիում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումից և վերջիններիս՝ «Զայեդ» մրցանակի արժանանալուց բառացիորեն մեկ օր հետո, Արա Պողոսյանը նկատեց՝ այն բացառապես քաղաքական նպատակադրում ունի և հիմնված չէ հումանիստական արժեքների վրա։
«Ակնհայտ է, որ գոնե այս տարածաշրջանում ուժի իրավունքը հաղթել է, և ես սա սիմվոլիկ առումով կներկայացնեի որպես միջազգային հարաբերություններում ուժի իրավունքի ամրագրում։ Այս մրցանակաբաշխությունն, ըստ էության, լեգալիզացրեց և լեգիտիմացրեց ուժի իրավունքի կիրառման իրավունքը, և այսուհետ յուրաքանչյուր հասարակություն կարող է վստահ լինել՝ այն պահին, երբ ի վիճակի կլինի ուժով խնդիր լուծել, կարող է այդ խնդիրը լուծել։ Որովհետև վերջնարդյունքում իր հետ հաշվի են նստելու, իր ձեռքը սեղմելու են»,- ասաց մեր զրուցակիցը։
Արա Պողոսյանը շեշտեց՝ Հայաստանի և Ադրբեջանի օրինակը շատ հստակ է՝ ուժի իրավունքը հաղթեց մարդու հիմնարար իրավունքներին և մնացած բոլոր հիմնարար միջազգային իրավունքներին։
Անդրադառնալով փաստին, որ բազմաթիվ գործիչներ, այդ թվում՝ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը, նամակ են հղել Հայաստան ժամանող ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ կոչ անելով նպաստել Բաքվում պահվող հայ գերիների ազատմանը, քաղաքագետը նկատեց՝ այժմ կարող են էական փոփոխություններ գրանցվել։
«Որովհետև Ադրբեջանը հղել է բոլոր այն ուղերձները, որ ցանկանում էր հղել դատավարությունների և հնարածին դատավճիռներ կայացնելու միջոցով։ Ադրբեջանն ունի կայացված դատական ակտեր, և հիմա մեր ռազմագերիների՝ Ադրբեջանում գտնվելը լայն առումով այլևս քաղաքական շահարկման խնդիր է։ Բաքուն իր պլան մինիմումն արդեն ստացել է։ Այսինքն՝ կա իրատեսական հայացք, որ հիմա կարող է որևէ բան լուծվել և կախված նրանից՝ Միացյալ Նահանգներն ինչ կառաջարկեն Ադրբեջանին՝ հայ գերիների վերադարձի հարցը կարող է լուծվել»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ Բաքվում ապօրինաբար պահվող մեր հայրենակիցներին Ադրբեջանն այսօր դատապարտեց ցմահ ազատազրկման։
Ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ հրամանատար, նախարար Լևոն Մնացականյանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը։
ԱՀ նախկին նախագահներ Բակո Սահակյանը և Արկադի Ղուկասյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։
Մյուս երեք գերիներից Մադաթ Բաբայանը դատապարտվել է 19 տարի, Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի, Դավիթ Ալլահվերդյանը՝ 16 տարի ազատազրկման։





