Վաղ առավոտից Քպ-ականների ֆեյսբուքյան էջերում տրտմաշուք, սրտակեղեք լռություն է։
Նախընտրական քարոզարշավին ձեռքները համակարգչի ստեղնաշարից չպոկող պատգամավորները, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նախարարները, նախըտրկան շտաբի պետը, ինչպես ասում են, մեռած են-թաղած չեն։
Ոչ մի բառ, ոչ մի նկար. անգամ բողոքի ու դժգոհության, այլոց անվանազրկելու, ծաղրելու, պախարակելու, նախկիններին ամեն ինչում մեղադրելու ոչ մի տառ չեն գրում։
Քպ-ականների վերջին գրառումներն ու ցնծագին դրսևորումները տևել են մինչև երեկ երեկո… վերջ։
Տիգրան Ավինյանի նախընտրական շտաբի պետ Արմեն Փամբուխչյանը ֆեյսբուքյան էջում վերջին հրապարակումը 5/08 ընտրատեղամասից ստացված տվյալների մասին արել է գիշերվա ժամը 2-ին ու այդքանով սահմանափակվել։
5 տարվա ընթացքում լավ ճանաչելով իշխանական ուժին՝ կարելի է ասել, որ այս լռությունը չարագույժ է։ Միմտություն կլինի հավատալը, թե Նիկոլ Փաշինյանը համակերպվելու է երևանյան պարտության հետ, ինչին հետևելու է նրա համապետական ու համազգային պարտությունը։
Azg.am-ի աղբյուրները հաղորդում են, որ Քպ ամբողջ համակարգը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ լարված, ջղաձիգ քննարկումների մեջ է՝ որտեղի՞ց պոկեն 1-2 ձայն, ում հետ կոալիցիա կազմեն, ինչպես «ստեղծագործեն», ի՞նչ մոգոնեն, որ Տիգրան Ավինյանին կարգեն Երևանի քաղաքապետ։
Հիշեցնենք, որ ընտրություններից երկու օր առաջ Ավինյանին աջակցելու համար հանրահավաք կազմակերպած Փաշինյանն ընդդիմությանը ծաղրում էր, թե բախտներդ փորձեք, արդեն ասֆալտի դիետայի անցեք, էնքան ասֆալտ ուտեք ու բորդյուր լիզեք…
«Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց» «Մայր Հայաստան» ուժերը վերջնարդյունքում ի՞նչ կորոշեն, կոալիցիա կկազմե՞ն, թե ոչ, կարևորագույն խնդիր է, բայց մի բան պարզ է՝ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը 2018 թվականից ի վեր 4 անգամ պակասել է։ Փաշինյանի մանիպուլյացիաները, «բանտիկով չագուճը», միատոն գոռում-գոչյունները, խաղաղության օրակարգ բերելու «խոստումներն» էլ չեն անցնում։ Սնուփ Դոգի համերգն էլ չի փրկելու։
Երևանի ավագանու ընտրություններին ընդդիմությունը միասին հավաքել է 119 հազար ձայն, Քպ-ը՝ 75 հազար։
Սրանով ամեն ինչ ասված է։
Ի դեպ, այս ընտրություններից հետո ոչ մի հրավառություն էլ չեղավ։