Դավաճանության մեջ ընկղմվածը որոշել է ոչ ավել, ոչ պակաս՝ հիմնավորել մեր էթնոսի «եկվոր» լինելը. բա թե մենք «Կադաստրի թուղթ» չունենք։
Չի կարելի շրջանցել լարվածությունից արտահոսող այս անձի այսօրվա փողոցային, տխմարագույն, ժարգոնով համեմված պնդումը, թե մենք լեգիտիմության արժանիք և փաստաթուղթ չունենք, և Ադրբեջանի հետ կապիտուլյացիան կարող է Հայաստանին ինչ-որ շանս տա՝ սուվերեն սահմաններով գոյություն ունենալու համար. իր նոր հոդվածում գրել է «Հայ ազգային ռամկավար կուսակցության» վաչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանը։
Azg.am-ը հոդվածն ամբողջությամբ ներկայացնումէ ստորև.
Ընդհանրապես համոզված եմ, որ դավաճանության մեջ ընկղմվածի շաբաթական տեքստերը, ելույթները, դրա մեջ եռացող հակահայությունն ունի հստակ աշխատող մասնագետ հետախույզների խմբի ձեռագիր. խումբ, որի անդամներն ուղղորդում են քննարկվող անձի ամբողջ քաղաքական և կենցաղային առօրյան։
Հիմա պատասխանեմ այդ հետախույզների խմբին.
1.Հայաստանի կադաստրի թուղթը գտնվում է Վատիկանում. դա սուրբ տաճարի պատերին քանդակված աշխարհի քարտեզն է, որի վրա պատկերված է Անդրկովկասի և Առաջավոր Ասիայի միջնաբերդ հանդիսացող Հայաստան պետությունը։
Ուշադրություն դարձրեք, որ այդ քարտեզի վրա չկան ո՛չ թուրքերը, ո՛չ ազերիները, որոնք մեր երկրամաս թափանցեցին միայն 1054 թվականից հետո, երբ թուրքմեն Տուղրիլ բեկը արշավեց դեպի Անդրկովկաս։
2.Կադաստրի թուղթ է հանդիսանում Հռոմի հյուպատոս Գնեոս Մագնուս Պոմպեոսի և Տիգրան Մեծի միջև կնքված պայմանագիրը, որով ճանաչվեցին Հռոմի և Հայաստանի փոխադարձ սահմանները։
Դա տեղի է ունեցել Ք.ա. 55 թվականին, Անդրկովկասում ազերիների նախապապերի հայտնվելուց հազար տարի առաջ։
3.Կադաստրի թուղթ է հանդիսանում նույնիսկ արաբական խալիֆաթի կողմից հայկական տարածքների վրա հայոց Բագրատունի թագավորների իրավունքների ճանաչումը։
Ուշադրություն դարձրեք, որ խալիֆի հրովարտակով հայոց թագավորները տիրում էին ոչ միայն Հայաստանի,այլև Տփխիսի, Վրաստանի, Աղվանքի տարածքներում։
4.Կադաստրի թուղթ էր հանդիսանում Լևոն մեծագործ Կիլիկյան թագավորին Հռոմի սրբազան կայսրության և Բյուզանդիայի կողմից ուղարկված թագադրման թագերը։
Ուշադրություն դարձրեք, որ Կիլիկյան թագավորությունը տարածվում էր միջերկրական ծովի ափերին, որտեղ թուրքական էմիրություններով շրջապատված Հայաստանը նրանցից շատերի համար ահեղ թշնամի էր։
5.Կադաստրի թուղթ է հանդիսանում նաև Սևրի պայմանագիրը և Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը, որով հստակ արձանագրվում էր ապագա Հայաստանի տարածքը, սահմանները։
6.Մեզ հասած ամենահին աշխարհացույց քարտեզը Բաբելոնյանն է, որը պատկերված է կավե սալիկի վրա։ Քարտեզը գտնվել է Իրաքի տարածքում, 19-րդ դարում։ Այժմ այն պահվում է Բրիտանական թանգարանում։
Բաբելոնյան կավե սալիկը թվագրվում է Ք.ա. 6-րդ դարով։
Ասորական և բաբելոնյան հին աղբյուրներում Արարատյան թագավորությունը հիշատակվում է որպես Ուրարտու։ Հենց այս անվամբ էլ այն նշված է աշխարհի հնագույն քարտեզի վրա։ Նշված պետություններից միայն Հայաստանը մինչ օրս գոյություն ունի։ Մնացածը վերացել են աշխարհի քարտեզից:
Բազմադարյա մեր պատմությունը, պատմական դեպքերը թույլ են տալիս անվերջ շարունակել ներկայացված շարքը, և ակնհայտ է, որ մեր երկրի «Կադաստրի թուղթ» ման եկողը կամ դրա գոյության մեջ կասկածողը տեղ չունի մեր էթնոսի մեջ։
Համոզված եմ, որ առնվազն քաղաքական հոգեվարքի մեջ գտնվող խելագար պետք է լինել՝ Ադրբեջանից մեր էթնոսի տերը, Հայրենիքի տերը, պետության տերը լինելու իրավունք աղերսելու համար։
Չարիքը պետք է հեռացվի։
Չարն իր նպատակին չի՛ հասնելու։