5 տարի առաջ Հանրապետության հրապարակում մեկը կոկորդ պատռելով հայտարարեց՝ կամ ես կլինեմ Հայաստանի վարչապետ, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա։
Azg.am-ը ներկայացնում է Հայ ազգային ռամկավար կուսակցության վարչության անդամ, «Համախմբում» շարժման աջակից Հրայր Համենդատյանի հոդվածը Հայաստանի պատմության անփառունակ էջերի ու դրանց համադրությամբ՝ մեր ներկայի մասին։
Հրայր Կամենդատյանը գրում է.
Ի տարբերություն շատերի՝ ես վստահ եմ, որ 5 տարի առաջ Հրապարակում գոռացողը գործում է անընդհատ թարմացվող ծրագրով, որի վերջին փուլը Հայաստանի կազմաքանդումն է, ֆիզիկական ոչնչացումը, և դա կատարվելու է առնվազն հինգ տարվա ընթացքում։
Ինչո՞ւ եմ նշել կոնկրետ ժամանակ, և ի՞նչ է սպասվում մեր երկրին։
Որպեսզի ավելի հասկանալի լինի, առաջադրենք մի քանի հարց և փորձենք դրանց պատասխանները ծառայեցնել մեր տրամաբանությանը։
Ովքե՞ր են Արցախի ոչնչացման և ՀՀ կործանման հիմնական շահառու քաղաքական անձինք.
հավաքական արևմուտքի կեղծ լիբերալիզմը, որի մահակը Էրդողանն է, նաև արդի բյուզանդականությունը, որի կայսրական առաջնորդն է Պուտինը։
Այս երկու անձինք՝ իրենց բազմաքայլ կոմբինացիայով Հայաստանը հասցրել են անդունդի եզրին, և թվում է՝ մեր ճակատագրական վախճանն ամիսների հարց է։
Սակայն կա մի բան, որը բարձր և զորեղ է ցանկացած բռնակալից. դա կյանքի տևողությունն է՝ ընդհանրապես, և քաղաքական կյանքի տևողությունը՝ մասնավորապես։
Մարմինը հազիվհազ քարշ տվող Էրդողանին և ամեն օր անդառնալի ծերացող Պուտինին մնացել է երևի ոչ ավելի, քան հինգ տարվա կյանք։
Հասկանալի է, որ երկու նախկին կայսրություների ղեկավարները փորձելու են հինգ տարվա ընթացքում վերջնականապես քայքայել, մասնատել Հայաստանը։ Ընդ որում՝ Հայաստանի մասնատումը լինելու է կարծես թե Բագրատունյաց Հայաստանի ողբերգական օրինակով։
1020 թվականին Անիի թագավոր Հովհաննես Աշոտը Բարսեղ Բուլղարասպան կայսեր ճնշման տակ և օսմանցիների առաջխաղացման պայմաններում երկիրը կտակեց Բյուզանդիային. կտակ, որի մասին հայ պատմիչ Արիստակես Լաստիվերցին գրում է. «…անդ եղեւ Հայոց կորստեան գիր և նամակ…»։
Կտակի եղելության լուրը ուշ հասավ Հայաստան, հետագայում արդեն Պետրոս Գետադարձ կաթողիկոսը և Պատրիկ Վեստ Սարգիսն ավարտին հասցրեցին երկրի վերջնական հանձնումը։
Հայաստանի՝ «կադաստրի վկայական» փնտրող թիվ մեկ պաշտոնյան, ըստ երևույթին, փորձում է նմանօրինակ մի կտակ կազմել և այդ կտակի ժամանակակից տարբերակը «խաղաղության պայմանագիր» կոչված աղետն է, որով դրվելու է Արցախի հայաթափման-հանձնման և Հայաստանի քաղաքական սուվերեն կարգավիճակի փոփոխության մեկնարկը։
Ի՞նչ է պետք է անել։
Կա փրկության երկու տարբերակ.
1. Մարտավարական, որը կարող է լինել հանրաքվե «Հայաքվեն», որի օգնությամբ հնարավոր կլինի կանխել Արցախի հանձնումը։
2.Ռազմավարական, որը կարող է լինել հանրաքվեի արդյունքների հիման վրա՝ քաղաքացիական լայն համախմբում։