«Այստեղ նստած երեք ծաղրածուները, որոնք իրենց «նախագահ» էին անվանում, այսօր արժանի պատիժ են ստանում։ Հետաքրքիր է` այս շենքում նստած մարդկանցից մեկը, որն իրեն պետնախարար էր հռչակում, կհամարձակվի՞ նորից մեզ սպառնալ։ Այսօր նրան Բաքվի քննչական մեկուսարանում թեյ են մատուցում»,-ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հոկտեմբերի 15-ին, Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշը բարձրացնելուց հետո, ելույթի ժամանակ հայտարարել է մեր թշնամի երկրի նախագահ Իլհամ Ալիեւը։
«Իրեն «ԱԳ նախարար» անվանող անջատողականն այն ժամանակ ծաղրելով ասում էր, որ եթե Ադրբեջանը ցանկանում է իր դրոշը բարձրացնել Ստեփանակերտում, թող դեսպանատուն բացի մեր երկրում, հիմա նրան թեյ են մատուցում այնտեղ՝ կալանավայրում։
Իսկ մեր դրոշը՝ ահա։ Սա պետք է դաս լինի նրանց համար։ Ցավոք, նրանք երբեք ուշադրություն չդարձրին իմ խոսքերին, որոնք ես ասացի 20 տարի առաջ և հետո բազմիցս կրկնեցին։ Նրանք կարծում էին, որ դրանք պարզապես խոսքեր են։ Ոչ։
Այն, ինչ ասել եմ, իրականացրել եմ: Սա բոլորը գիտեն, այդ թվում՝ Հայաստանում, և թող չմոռանան սա, թող չմոռանան 2020 թվականի պատերազմը, թող չմոռանան սեպտեմբերին իրականացված հակաահաբեկչական գործողությունները»,- սապռնացել է Բաքվի բռնապետը։
Azg.am-ը ցավով ու նողկանքով է մեջբերում Ալիևի արհամարհական, վիրավորական, նսեմացնող հայտարարություններն՝ ուղղված Արցախի Հանրապետության գերեվարված նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, պետնախարար Ռուբեն Վարդանյանին և ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին։ Սակայն պետք է իմանալ, թե թշնամին ինչի է ընդունակ, և որքան անտարբեր է միջազգային հանրություն կոչված զանգվածը, որը միշտ կարևորել է շահը՝ դրան ստորադասելով ստորադասելով մարդկային կյանքերը, իրավունքները և պետությունների ոչնչացումը։