«Գյոյչայի» մասին Ալիևի հայտարարությունն ունի մեկ այլ կարևոր նրբություն. իսկ որտե՞ղ հնչեց այդ միտքը։
Ալիևն այդ հայտարարությունն արեց Ադրբեջանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի հիմնադրման 80-ամյակի միջոցառմանը։ Սա մի կողմից Ակադեմիայի կարևորության շեշտումն էր, մյուս կողմից՝ գիտական հանրության առջև դրվող պետական խնդիր։
Ի հակակշիռ՝ Հայաստանում այս իշխանությունը տանում է գիտությունների ազգային ակադեմիայի աստիճանական լուծարման պրոցես։ Նոր օրենսդրական կարգավորմամբ՝ Ակադեմիային տրվում է շարքային ՀԿ-ի կարգավիճակ, որը միջանկյալ քայլ է լինելու լուծարման ճանապարհին։
Ի՞նչն է քաղաքակրթական մրցակցային առավելություն տալիս պետություններին. գիտությունը (այդ թվում՝ Ակադեմիան), օպերան, մշակույթը, կոնսերվատորիան, Մատենադարանը, Էջմիածինը, Արոնյանը, Մխիթարյանը, սպորտը, կինոն և նման այլ բաներ։
«Ակադեմիական քաղաք» ուտոպիստական ծրագրի տակ քանդում են Հայաստանի քաղաքակրթական մրցակցային ռեսուրսը, որը ստեղծվել է բոլոր ժամանակների հայկական էլիտաների ջանքերով. Ռուսական կայսրության, Օսմանյան կայսրության, Խորհրդային միության, Եվրոպական Միության, Արևմուտքի, Արևելքի հայկական մտքի և բազմաթիվ սերունդների ջանքերով։
Վահե Հովհաննիսյան, «Այլընտրանքային նախագծեր խումբ»





