«Ալիևի մեսիջը՝ Փաշինյանին․ Բաքվի շանտաժը խաղաղության քողի տակ» վերնագրի ներքո քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը վերլուծել է Բաքվի թելադրանքներով ու հանձնարարականներով պայմանավորված՝ Փաշինյանի կատարած քայլերն ու դրանց վտանգավոր դրսևորումները.
Ադրբեջանական Caliber.Az-ը պորտալը, հղում անելով իշխանական աղբյուրներին, հայտնել է, որ նախագահ Իլհամ Ալիևը չի նախատեսում մասնակցել 2026 թվականի մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթնաժողովին։
Աղբյուրի ձևակերպմամբ՝
«Բարձր մակարդակով այցն առանց ստորագրված պայմանագրի և առանց գործնական մեխանիզմների գործարկման կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտվածության մասին»։
Caliber.Az-ը տարիներ շարունակ հանդես է գալիս որպես Բաքվի իշխանական քարոզչության խոսափող, և նման հրապարակումները սովորաբար արտացոլում են հենց Ալիևի վարչակազմի պաշտոնական տրամադրությունները։
Այստեղ ուղերձը հստակ է․ Բաքուն չի համարում խաղաղությունը կայացած և ակնարկում է, որ Փաշինյանը դեռ «տնային աշխատանք» ունի կատարելու՝ խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։
Մինչ Փաշինյանը ներսում և դրսում ներկայացնում է «հաստատված խաղաղության» պատրանքը, Բաքուն շեշտում է, որ «առանց իրավական հիմքի խաղաղության մասին խոսելն ինքնին ստեղծում է կեղծ տպավորություն գործընթացի ավարտվածության մասին»։
Սա ոչ թե դիվանագիտական զգուշավորություն է, այլ՝ քաղաքական շանտաժ, որի նպատակն է պարտադրել Երևանին՝ ընդունել Բաքվի թելադրած պայմանները։
Միաժամանակ Բաքուն ձևավորում է այն ընկալումը, թե խաղաղության գործընթացի հնարավոր ձախողման պատասխանատվությունը մնում է բացառապես Երևանի վրա։
Ըստ էության, Ալիևը այժմ Փաշինյանի համար ստեղծում է նախընտրական պաուզա և կոմֆորտ, որպեսզի վերջինս առանց արտաքին սրացումների անցկացնի ընտրությունները։
Սակայն այդ «հանգիստը» լինելու է ժամանակավոր․ Բաքուն անպայման փորձելու է գինը պահանջել ընտրություններից հետո՝ արդեն պայմանագրի ստորագրման կամ պարտավորությունների կատարման փուլում։
Այսպիսով, Ալիևը պահպանում է ճնշման լծակները՝ ժամանակավորապես ստեղծելով խաղաղության պատրանք, որը ընտրություններից հետո կարող է վերածվել նոր պարտադրանքների և պահանջների շղթայի։
 
			 
     
			





