«Խոջալուի ցեղասպանությունը արյունալի ռազմական հանցագործություն է, որը կատարվել է հայկական պետության, հայ ֆաշիստների կողմից՝ ադրբեջանցիների դեմ, դա ռազմական հանցագործություն է մարդկության դեմ։ Հայկական պետությունը կրում է դրա համար լիակատար պատասխանատվություն։ Միայն մեկ գիշերվա ընթացքում հայ ֆաշիստների կողմից դաժանորեն սպանվել են ավելի քան 600 անմեղ քաղաքացիական անձինք, որոնցից 106-ը կանայք էին, իսկ 63-ը՝ երեխաներ»։
Նման ելույթ Ալիևն ունեցել էր երկու օր առաջ։ Առհասարակ, մեզ «ֆաշիստ» կամ «նացիստ» անվանելը դարձել է ծամոն ծամելու պես բան։ Այդ ծանր մեղադրանքի համար Ալիևին ոչ ոք քաղաքական պատասխանատվության չի կանչում, ոչ ոք չի հիշեցնում Ադրբեջան պետության գործած հանցանքները Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում, ոչ ոք չի խոսում Ստեփանակերտի ծանր բլոկադայի մասին 90-ականների պատերազմի ժամանակ, Շահումյանի, Գետաշենի «Օղակ» օպերացիաների մասին, ոչ ոք չի խոսում Սաֆարովի «հերոսացման» մասին, ոչ մի պաշտոնյա ՀՀ-ում չի ուզում հիշել վերջին հինգ տարվա ընթացքում Ադրբեջանի գործած հանցանքները։ Հարմար չէ, կխանգարի խաղաղության բեմադրությանը։
Դրա հետ մեկտեղ, զուգահեռ իրականության մեջ այդ երկրի ղեկավարը մեզ կոչում է «ֆաշիստ», պետությունն էլ՝ «ֆաշիստական»։ Ովքեր հասկանալ չեն սիրում, կասեն՝ դե Ալիևն է, թող ներքին լսարանի համար խոսի, բայց ովքեր գոնե մի քիչ խելք ենք հավաքել, կհասկանան, որ Ալիևը վարվում է այնպես, ինչպես խոսում է ներքին լսարանի համար։ Արցախի հետ կատարվածը դրա ամենադաժան ու վառ ապացույցն է։ Ալիևը պատահական չի այդ բառերն օգտագործում, դրանք հայկական պետության և էթնիկ հայերի դեմ գործողությունների իրականացման «հենք» են ստեղծում, նման պետության դեմ ցանկացած գործողություն «արդարացված է»։
Վերջերս մտածում եմ, որ ամենավատ բաներից մեկը, որը կարող են ներկայիս իշխանություններն անել մեզ հետ կատարված աղետներից հետո, խաղաղությունը կեղծելն է՝ ձևացնել, սրտիկել, բեմադրել, կամուրջներ խաղարկել ու թաքցնել իրենցից ու մեզնից Ադրբեջանի իրական նպատակները, բթացնել, հիմարացնել, չպատրաստվել ու հետո գցել, ինչպես որ գցեցին պատերազմի հարցում։ Այս հարցում գցելն էլ իրենց համար դժվար չի լինի։ Ավելի լավ է այսօր պայքարել վտանգների դեմ դիվանագիտական և տեղեկատվական հարթակներում, փորձել կանխել առանց մարդկային զոհերի, քան հետո բախվել կեղծված խաղաղության դաժան հետևանքների հետ․․․
Տաթևիկ Հայրապետյան, պատմական գիտությունների թեկնածու, Ադրբեջանի հարցերով փորձագետ









