Հայաստանի ապազգային իշխանությունների՝ սահմաններ չճանաչող անհանդուրժողականությունը նորանոր դրսեւորումներ է ստանում։ Այս գիշեր, առանց բացատրության ու հիմնավորման, արգելվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան։
Հայաստանի, Արցախի եւ Հայ Դատի համար տասնամյակներ պայքարած ազգային գործչի նկատմամբ նման վերաբերմունքը ոչ այլ ինչ է, եթե ոչ քինախնդիր, փոքրոգի քայլ եւ թշնամուն հաճոյանալու պարզունակ դրսեւորում։
Համոզված ենք, որ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի՝ Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայում ճանաչված եւ հարգված հայազգի քաղաքացու՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի կոպիտ ոտնահարումը պատշաճ գնահատական կստանա նաեւ ֆրանսիական իշխանությունների կողմից։
Ցավալիորեն հատկանշական է, որ Թուրքիայում եւ Ադրբեջանում անցանկալի անձ հայտարարված Մուրադ Փափազյանը հիմա արդեն անցանկալի անձ է փաշինյանական իշխանությունների համար։ Ազգային գործիչներին թիրախավորելու եւ սփյուռքահայերին Հայաստանից օտարելու փաշինյանական ծանոթ ձեռագիրն է։ Սա հարված է համահայկականության գաղափարի իրականացման ճիգին, ժողովրդավարության լուրջ նահանջ է Հայաստանում եւ բռնապետության հաստատման ակնհայտ դրսեւորում։
Խստիվ դատապարտում ենք Մուրադ Փափազյանի հանդեպ կիրառված ապօրինի քայլը, որն առանց պատշաճ բացատրության եւ վերանայման չի կարող մնալ։
Դաշնակցականների նկատմամբ սանձազերծված հալածանքների նորօրյա դրսեւորումները՝ ձերբակալությունները, կալանավորումները, պաշտոնազրկումները, տարատեսակ ապօրինությունները, ըստ էության, քողազերծում են հայության դեմ ուղղված ազգադավ ծրագրերը։ Դրանք որեւէ կերպ չեն կարող հետ պահել մեզ պայքարի մեր ուղուց։
Թուրք-ադրբեջանական տանդեմի շահերը սպասարկող փաշինյանական վարչախումբն, ի վերջո, ինքնաբացահայտվելու եւ գտնելու է իր վախճանը։
Հ.Յ.Դ. ԲՅՈՒՐՈ
14 հուլիսի, 2022 թ.