Մի՞թե միայն ես եմ սա նկատում. Ահազանգում է ֆիզիկոս Հակոբ Ագանյանը՝ կենտրոնանալով սկանդալային պատմության մեջ հայտնված թուրք Մեհմեթ Օզի հրապարակած տեսանյութին։
Ագանյանը այսպիսի դիտարկումէ արել.
Բոլորը խոսում են բժիշկ Մեհմեթ Օզի արած կեղծ մեղադրանքի մասին, բայց գրեթե ոչ ոք չի խոսում այն մասին, թե որտեղ է դա արվել։
Տեսանյութում բժիշկ Մեհմեթ Օզը մատը չէր ուղղում հիվանդանոցի, հոսպիսների կամ բժշկական գրասենյակի վրա․ նա գնացել էր առևտրային կենտրոն և մատնացույց էր անում Տիգրանակերտ և Կիլիկիա անուններով բիզնեսներին։
Սրանք պատահական անուններ չեն․ դրանք հայկական պատմության ամենակարևոր անուններից երկուսն են։
Այո՛, հայերն իրավացի են ասելիս, որ իրենք պատասխանատու չեն լայնածավալ բժշկական կամ Medicare խարդախության համար, և Կալիֆորնիա նահանգը դատական հայց է ներկայացրել խտրականության համար՝ կապված բժիշկ Օզի և նրա հետ առնչվող առողջապահական գործողությունների հետ։
Բայց մի՞թե միայն ես եմ կարծում, որ սա իրական խնդիրը չէ։
Իրական խնդիրը այն է, թե ինչու այս մեղադրանքը բեմադրվեց այնպիսի հայկական պատմական անունների ֆոնին, որոնք մինչ այսօր օգտագործվում են։
Այն, որ բժիշկ Օզը թուրք է և ծառայել է թուրքական բանակում, նշանակում է, որ նա շատ լավ գիտի, թե այդ անուններն ինչ են ներկայացնում, հատկապես հաշվի առնելով, որ այդ նույն անունները երկար տարիներ ժխտվել կամ ջնջվել են թուրքական պատմական պատկերացումներում։
Տիգրանակերտը և Կիլիկիան (Կիլիկիա) մինչ օրս օգտագործվում են, տեսանելի են և հայկական են իրենց անունով ու նշանակությամբ։
Կեղծ մեղադրանքներից բացի, այն, ինչ իրականում անհանգստացնում է բժիշկ Օզին և շատ թուրքերի, այն է, որ հայերը շարունակում են օգտագործել այս անունները։
Այդ անհանգստությունն է՝ ոչ թե առողջապահությունը, որը այս ամենի իրական պատճառնն է։
Ամերիկայի հայկական խորհուրդը օրերս անդրադարձել էր թուրք բժշկի՝ հայերին թիրախավորելու, նրանց մեղադրելու քայլին.
Խորհրդի հրապարակման մեջ ասվում է.
ԱՄՆ Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար Մեհմեթ Օզը մեղադրվում է Կալիֆորնիայի հայկական համայնքը թիրախավորելու մեջ այն բանից հետո, երբ նախկին հեռուստատեսային աստղ բժիշկը հրապարակել է մի տեսանյութ, որտեղ նա իրականացնում է այսպես կոչված փողոցային «հետաքննություններ», որոնք, ըստ երևույթին, կենտրոնացած են Լոս Անջելեսի հայկական թաղամասերի վրա։
«Մեր գրասենյակը ուսումնասիրում է տեղեկությունները, ըստ որոնց Դոկտոր Մեհմեթ Օզը վերջերս թիրախավորել է Հարավային Կալիֆորնիայի հայ ամերիկյան համայնքը՝ հայերին պատկանող բիզնեսների առջև հնչեցնելով ռասայական երանգներ ունեցող մեղադրանքներ խարդախության վերաբերյալ, այդ թվում՝ հանրահայտ մի հացատան դիմաց։ Հաշվի առնելով պատմական զգայունությունները՝ մենք այս մեղադրանքներին լուրջ ենք վերաբերվում։ Ատելության ցանկացած դրսևորում տեղ չունի Կալիֆորնիայում»,- ասել է նահանգապետ Գևին Նյուսոմը X սոցիալական հարթակում հրապարակված գրառման մեջ։
Օզը, թուրք-ամերիկացի երկքաղաքացի, որը առավել հայտնի է որպես «Դոկտոր Օզ» իր հեռուստատեսային հաղորդավարի տարիներից, երեքշաբթի օրը տարածել է մի տեսանյութ, որտեղ նա մեքենայով շրջում է Լոս Անջելեսի Վան Նայս թաղամասում։ Տեսանյութում նա մատնանշում է բժշկական հաստատություններ և այլ բիզնեսներ, որոնց վրա առկա են հայերեն ցուցանակներ և մեղադրում է դրանք լայնածավալ խարդախ սխեմայի հետ առնչություն ունենալու մեջ։
«Ինչպես տեսնում եք, սրանք բժշկական շենքեր են։ Դրանց վրա կա կիրիլյան գրություն», – սխալմամբ ասում է Օզը՝ ցույց տալով հայերեն գրություններով ցուցանակներ ունեցող բիզնեսները։ «Տեսնում եք ռուսերեն, հայկական գրություն», – հավելում է նա։
Տեսանյութի հետագա հատվածում Օզը նկարահանում է երկու բիզնեսների դիմաց՝ առևտրի կենտրոնի մի հատվածում տեղակայված «Կիլիկիա արվեստի ստուդիա»-ի և «Տիգրանակերտ լավաշ»-ի առջև, որոնք երկուսն էլ ունեն հայերեն ցուցանակներ, այդ թվում՝ «թարմ հաց» գրությամբ։ Նա ակնարկում է, թե այդ բիզնեսները կապ ունեն ենթադրյալ խարդախ սխեմայի հետ՝ հայտարարելով, որ «դրա բավականին մեծ մասը ղեկավարվում է ռուս–հայկական մաֆիայի կողմից»։
Մինչ քաղաքականություն մտնելը Օզը լայնորեն քննադատվել էր կեղծ գիտության, այլընտրանքային բժշկության և չապացուցված բժշկական տեսությունների քարոզման համար։
Այս քննադատությունները բազմիցս կրկնվեցին նրա անհաջող 2022 թվականի Սենատի ընտրարշավի ընթացքում Փենսիլվանիայում։ Այդ ժամանակ նահանգի հայկական համայնքի անդամները նույնպես քննադատում էին Օզին՝ Հայոց ցեղասպանությունը հստակ և բացահայտ կերպով դատապարտելուց բազմիցս խուսափելու համար։ Ամերիկայի Հայկական խորհուրդը (ACA) իր լիակատար աջակցությունն է հայտնում Դոկտոր Մեհմեթ Օզի՝ Լոս Անջելեսում հայերին պատկանող բիզնեսները թիրախավորող ռասայական երանգներ պարունակող տեսանյութի կապակցությամբ դաշնային քաղաքացիական իրավունքների հետաքննություն սկսելու կոչերին։ Այն ենթադրությունը, թե հայերեն ցուցանակները հանցավորության ապացույց են, ոչ միայն անհիմն է, այլև տարածում է խտրականություն և իրական հետևանքներ ունի օրենքը հարգող հայ ամերիկացիների ապրուստի և անվտանգության համար։ Նման պառակտիչ հռետորաբանությունը խաթարում է ներառականության և արդարության այն արժեքները, որոնց մեր երկիրը ձգտում է հավատարիմ մնալ։
Մենք վճռականորեն աջակցում ենք նահանգապետ Նյուսոմի պաշտոնական հայտարարությանը և Քաղաքացիական իրավունքների մասին օրենքի VI գլխի համաձայն բողոք ներկայացնելու նրա որոշմանը։ Նրա արագ արձագանքը հստակ ցույց է տալիս, որ Կալիֆորնիան չի հանդուրժի էթնիկ հիմքով պրոֆիլավորումը և վճռականորեն կանգնած է այն միլիոնավոր հայ ամերիկացիների կողքին, որոնք իրենց ներդրումն են ունենում հասարակության զարգացման մեջ։ Մենք միանում ենք նահանգապետի կոչին՝ իրականացնել մանրակրկիտ հետաքննություն և ապահովել, որ դաշնային մարմինները երաշխավորեն, որ պետական պաշտոնյաները չչարաշահեն իրենց հարթակները՝ ռասայականացված կարծրատիպեր տարածելու համար։
Ամերիկայի Հայկական խորհուրդը նաև կոչ է անում նախագահ Թրամփին ազատել Դոկտոր Օզին իր պաշտոնից՝ որպես Medicare և Medicaid ծառայությունների կենտրոնների (CMS) վարչարար։





