Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասում բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լյուիս Բոնոյի հետ հանդիպմանը խոսել է ՀՀ սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանցի երկու զինվորականների մասին՝ բողոքելով, թե իբր Հայաստանում նրանց խոշտանգում են. տեղեկանում ենք Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կայքից։
Բայրամովը նշել է. «Երկու ադրբեջանցի զինծառայող գերի է ընկել, կալանավորներից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնություն է կիրառվել»։
Նախարարը կարեւորել է նրանց անհապաղ ազատ արձակումը։
Բայրամովին չի՞ հետաքրքրում, թե «խոշտանգված» զինծառայողի գրպանում ինչպե՞ս է հայտնվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պահակակետում սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։
Բայրամովը լսե՞լ է իր հայրենակցի ատելության ու բռնության կոչերը, թե՝ 400-500 հայի գլուխ ենք կտրել։
Երբ Բայրամովը պահանջում է իրենց երկու զինվորին ազատ արձակել, ինչո՞ւ չի կատարում Բաքվի բանտերում խոշտանգվող հայ գերիներին ազատ արձակելու՝ Հայաստանի պահանջը։