Իսրայելը բոլոր կողմերից սպառնալիքներ է արձանագրում իր դեմ Բեյրութի վրա հարձակումից հետո, որտեղ վերացվել է շիական «Հեզբոլլահ» շարժման զինված ստորաբաժանումներից մեկը:
Իսրայելը պատրաստ է կոշտ պատասխան տալ ցանկացած ագրեսիայի. հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ համաքաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում։
«Իսրայելի քաղաքացիներ, մեզ դժվար օրեր են սպասվում: Բեյրութի վրա հարձակումից ի վեր մենք տարբեր կողմերից սպառնալիքներ ենք լսում: Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, կլինենք միասնական և վճռականորեն կդիմակայենք ցանկացած սպառնալիքի: Իսրայելը կդիմակայի ցանկացած ուղղությամբ ցանկացած ագրեսիայի»,- ասել է նա։
Նեթանյահուն գովել է իսրայելցի զինվորականներին, որոնք Լիբանանի մայրաքաղաքում ոչնչացրել են Հեզբոլլահի ռազմական թևի առանցքային հրամանատարներից մեկին՝ Ֆուադ Շոկրին, և զգուշացրել, որ նույն ճակատագիրը կարող է սպասել իր երկրի մյուս հակառակորդներին։
«Մենք մաքրել ենք հաշիվները Շոկրի հետ և նույնն անելու ենք բոլորի հետ, ովքեր կհարձակվեն մեզ վրա, ովքեր կփորձեն վնասել մեզ, ովքեր կփորձեն սպանել մեր քաղաքացիներին», – ասել է Նեթանյահուն:
Հուլիսի 30-ի երեկոյան իսրայելական բանակը հայտարարեց Բեյրութի վրա հարձակման մասին, ապա հաստատեց, որ Շոկրը վերացվել է այս նպատակային գործողության արդյունքում։ Ըստ իսրայելցի զինվորականների՝ նա եղել է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրուլլայի աջ ձեռքը և պատասխանատու է եղել շարժման ռազմավարական հարցերի, այդ թվում՝ հրթիռային զենքի օգտագործման համար։ Իսրայելի տվյալներով՝ Շոկրը պատասխանատու է Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս գյուղի վրա հրթիռային հարձակման համար, որտեղ 12 երեխա է զոհվել։ «Հըզբոլլահ»-ի պաշտոնյաներն ավելի վաղ հերքել էին իրենց առնչությունը հարձակման հետ կապված: