Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Իսրայելը պատրաստ է կոշտ պատասխան տալ ցանկացած ագրեսիայի. Նեթանյահու

Իսրայելը բոլոր կողմերից սպառնալիքներ է արձանագրում իր դեմ Բեյրութի վրա հարձակումից հետո, որտեղ վերացվել է շիական «Հեզբոլլահ» շարժման զինված ստորաբաժանումներից մեկը:

Իսրայելը  պատրաստ է կոշտ պատասխան տալ ցանկացած ագրեսիայի. հայտարարել է Իսրայելի  վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ համաքաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում։

 «Իսրայելի քաղաքացիներ, մեզ դժվար օրեր են սպասվում: Բեյրութի վրա հարձակումից ի վեր մենք տարբեր կողմերից սպառնալիքներ ենք լսում: Մենք պատրաստ ենք ցանկացած սցենարի, կլինենք միասնական և վճռականորեն կդիմակայենք  ցանկացած սպառնալիքի: Իսրայելը կդիմակայի ցանկացած ուղղությամբ ցանկացած ագրեսիայի»,- ասել է նա։

Նեթանյահուն գովել է իսրայելցի զինվորականներին, որոնք Լիբանանի մայրաքաղաքում ոչնչացրել են Հեզբոլլահի ռազմական թևի առանցքային հրամանատարներից մեկին՝ Ֆուադ Շոկրին, և զգուշացրել, որ նույն  ճակատագիրը կարող է սպասել իր երկրի մյուս հակառակորդներին։

 «Մենք մաքրել ենք հաշիվները Շոկրի հետ և նույնն անելու ենք  բոլորի հետ, ովքեր կհարձակվեն մեզ վրա, ովքեր կփորձեն վնասել մեզ, ովքեր կփորձեն սպանել մեր քաղաքացիներին», – ասել է Նեթանյահուն:

Հուլիսի 30-ի երեկոյան իսրայելական բանակը հայտարարեց Բեյրութի վրա հարձակման մասին, ապա հաստատեց, որ Շոկրը վերացվել է այս նպատակային գործողության արդյունքում։ Ըստ իսրայելցի զինվորականների՝ նա եղել է Հեզբոլլահի առաջնորդ Հասան Նասրուլլայի աջ ձեռքը և պատասխանատու է եղել շարժման  ռազմավարական հարցերի, այդ թվում՝ հրթիռային զենքի օգտագործման համար։ Իսրայելի տվյալներով՝ Շոկրը պատասխանատու է Գոլանի բարձունքների Մաջդալ Շամս գյուղի վրա հրթիռային հարձակման համար, որտեղ 12 երեխա է զոհվել։ «Հըզբոլլահ»-ի պաշտոնյաներն ավելի վաղ հերքել էին իրենց առնչությունը հարձակման հետ կապված: