Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, այն մատուցվում է և ուղղված է Աստծուն, Հիսուս Քրիստոսին, և ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ ի պատասխան այն դիտարկմանը, որ անցած կիրակի Փաշինյանի ներկա գտնվելու պատճառով շարքային շատ քաղաքացիների թույլ չեն տվել մուտք գործել Գյումրու Յոթ Վերք եկեղեցի։
«Անվտանգության միջոցառումների առումով չեմ կարող պատասխանել։ Այո՛, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ։ Չեմ կարծում՝ այստեղ որևէ խնդիր կա»,- ասաց նախարարը՝ միաժամանակ պատարագներից որոշներին իր բացակայությունը բացատրելով ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով։
Ավանեսյանի խոսքով՝ որոշ քաղաքացիներ փորձում են եկեղեցիների ներսում քաղաքական ենթատեքստ պարունակող հայտարարություններ բարձրաձայնել, ինչը պատարագը շեղելուն է ուղղված։
«Իշխանությունը շատ տոլեռանտ է վերաբերում այս ամեն ինչին, և մեր քաղքացիների ոչ մի իրավունք չի խափանվում»,- համոզմունք հայտնեց Անահիտ Ավանեսյանը։
Անդրադառնալով Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի թեմային՝ նախարարը գնահատելի համարեց վերջինիս՝ զղջման դիրքորոշում հայտնելը։
«Շատ մեծ քաջություն է պահանջում այս մարդկանց կողմից հստակ դիրքորոշում արտահայտելը։ Կանոնագրքի նորմերը պահպանելը պետք է լինի միանշանակ»,- ասաց նա։





