Այս գոյամարտը տվեց պատմական հետևյալ փառավոր փաստերը, որոնք մեր թշնամիների հիացմունքն իսկ կորզեցին.
- Լեռնահայաստանի երկամյա կռիվների ընթացքում թշնամուն՝ մուսավաթական Ադրբեջանին թե Խորհրդային Ռուսաստանին, չհաջողվեց զենքի ուժով տեր դառնալ մեր գյուղերից անգա՛մ մեկին:
- Թշնամին՝ թաթար, ռուս և թուրք, թվապես և տեխնիկապես ավելի քան հարյուր անգամ գերազանցելով Սյունիքի ուժերը, տվեց մեզնից ավելի քան հարյուր անգամ ավել զոհեր, մի քանի հազար գերիներ, պատերազմական մեծաքանակ ավար: Մենք ունեցանք սպանված միայն և միմիայն 28 հոգի և չտվինք ո՛չ մեկ գերի, ո՛չ մեկ ավար:
- Զուրկ լինելով տեխնիկ միջոցներից՝ թշնամու դեմ կռվել ենք իրենից խլած ռազմամթերքով ու զենքերով:
- Իմ ժողովրդական զորամասերը մասնավորապես գոյամարտի նախաբոլշևիկյան շրջանում ապրել են թշնամուց ձեռք բերված հացի և այլ կենսամթերքների պաշարով:
- Շնորհիվ իմ վարած գոյամարտի՝ Սյունիքի հայությունը փրկված է ո՛չ միայն վերահաս համաիսլամական վտանգից, այլև 1920 թվին սպառնացող սովից:
- 1920թ. հուլիսին Սյունիքում գործող բոլոր հակաբոլշևիկյան կուսակցությունները, Ազգային խորհուրդը, Հայաստանի հանրապետական կառավարության ներկայացուցչությունը և իր կանոնավոր զորամասերը, ինչ-ինչ նկատումներով դիմադրությունը անհնարին համարելով, լքեցին այդ երկրամասը և քաշվեցին Արարատյան Հայաստան:
- Չնայած նրան, որ 1920թ. օգոստոսի 10-ի պայմանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությունը Զանգեզուրն անորոշ ժամանակով զիջեց խորհրդային իշխանությանը՝ մեծապես վտանգելով իր այդ ապստամբ երկրամասի դրությունը, իմ ուժերը շարունակեցին պայքարը և ստեղծեցին ինքնավար Սյունիքը:
- Ինքնավար Սյունիքը քաղաքական որոշ նկատումներով տեղի չտվեց նաև Արարատյան Հայաստանի առաջին անկումը խորհրդայնացումից հետո:
- Իր անկախության կռիվը Սյունիքը շարունակեց ամենադժնդակ քաղաքական մենակության մեջ, այն ժամանակ, երբ համայն Ռուսաստանը և ողջ Կովկասը լուռ կրում էին բոլշևիկյան լուծը:
- Սյունիքը եղավ նաև հոգեբանական հրահրիչը Երևանի Փետրվարյան պոռթկումի և պաշտպան ու փրկության կամուրջ հանդիսանալով՝ խորհրդային կացնից փրկեց հայ մտավորականությանը, սպայությանը և խմբապետությանը:
- Կտրված աշխարհից, զուրկ հաղորդակցության ամենատարրական միջոցներից, զուրկ հացից ու ռազմամթերքից, որպես մի բերդային շրջան՝ Սյունիքը կռիվ մղեց շրջագծաձև ռազմաճակատների վրա, առանց թիկունքի և դրսի օգնության հույսերի, այնպիսի դժնդակ վիճակի մեջ, երբ քաշվել էին պատասխանատու կառավարություններն ու կուսակցությունները, և մնում էր ու համառում իր լեռներին կառչած ժողովրդի հերոսական ոգին:
- Սյունիքը իր ցույց տված դիմադրական խոյանքներով ստիպեց անգա՛մ իր թշնամիներին հարգանքով խոսել իր մասին և տեղի տվեց առանց կռվի իր կամքը խորհրդային իշխանության պարտադրելուց, այն է՝ Հայաստանի անբաժան մասը ճանաչվելուց հետո:
Պատմական այս պերճախոս իրողությունները իրավունք են տալիս ինձ՝ առանձին հպարտությամբ ու քաղցրությամբ Լեռնահայաստանն անվանելու «վիրավոր, բայց անպարտելի զինվոր»: