Ադրբեջանն այս ընթացքում շատ հայտարարություններով է հանդես եկել, որոնք մեղմ ասած անիրատեսական են. դուք ո՞նց եք պատկերացնում ՀՀ սուվերեն տարածքում օտարերկրյա զինված ուժերի տեղակայումը, այսօր լրագրողների հետ զրույցում հարց հնչեցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով հանգամանքին, որ Ադրբեջանը խոսում է ադրբեջանցի փախստականների վերադարձի մասին՝ ընդգծելով, որ վերջիններիս հետ Հայաստանում պետք է նաև ուժային կառույցներ տեղակայվեն։
«Այդ դեպքում, ուրեմն, պետք է քննարկվի նաև Ադրբեջանից գաղթած հայերի վերադարձի հարցը։ Ընդհանրապես խորհուրդ կտամ չմտնել այդ խոսակցության մեջ։ Դա այն բազմաթիվ նարատիվներից է, որ Ադրբեջանը փորձում է առաջ տանել, որոնք, մեղմ ասած, ես կարծում եմ՝ անիրատեսական է»,–ասաց նա։
Հարցին՝ Փաշինյանն ու Ալիևը վերջին հանդիպման ժամանակ հինգ ժամ ի՞նչ են քննարկել, Չախոյանը պատասխանեց՝ քննարկել են այն բոլոր հարցերը, որոնք վերաբերվում են խաղաղության պայմանագրին։
«Կարող էին և 25 ժամ քննարկել, ի՞նչ խնդիր կա։ Առաջիկայում կլինեն նաև հայտարարություններ, փոքր ինչ կբացվեն փակագծեր, թե ինչ է քննարկվել և ինչ-ինչ հարցերի շուրջ կան կոնսենսուսներ»,- ասաց նա։
Լրագրողներին հետաքրքրում էր նաև Ալիևի հետ հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի ժեստերը, ինչին Չախոյանն արձագանքեց.
«Նիկոլ Փաշինյանը մարդ է՝ բացի Հայաստանի Հանրապետության վարչապետը լինելուց, երբեմն կարող է նաև քրտնել, երբեմն կարող է քիթը քոր գալ, երբեմն կարող է ճակատը քոր գալ, ու նորմալ է, որ էդ մարդը ճակատի քրտինքն է սրբում, կամ ընդամենը քորում է։
Պետք չի վարչապետի ամեն մի արած շարժումը խոր քաղաքագիտական վերլուծությունների արդյունք սարքել»։