ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել է, որ Պենտագոնին հանձնարարել է սկսել միջուկային զենքի փորձարկումները։
«Քանի որ մյուս երկրներն իրականացնում են փորձարկման ծրագրեր, ես հանձնարարել եմ պատերազմի նախարարությանը՝ սկսել մեր միջուկային զենքի փորձարկումները հավասարության սկզբունքով։ Այս գործընթացը կսկսվի անմիջապես»,-նշել է նա
Ըստ Թրամփի՝ ԱՄՆ-ը ներկայումս ունի «ավելի շատ միջուկային զենք, քան որևէ այլ երկիր»։
«Ռուսաստանը երկրորդն է, Չինաստանը՝ երրորդը՝ մեծ տարբերությամբ»։ «Բայց այն մեզ կհասնի հինգ տարվա ընթացքում»,-նշել է ԱՄՆ նախագահը։
Հավելենք, որ Թրամփի հայտարարությունը հնչել է, երբ այս շաբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել Էր ատոմային շարժիչով և միջուկային լիցքով նոր ստորջրյա դրոնի, ինչպես նաև միջուկային լիցքով նոր թևավոր հրթիռի փորձարկումների մասին:
Միացյալ Նահանգները միջուկային զենքի լիարժեք փորձարկումներ չի իրականացրել 1992 թվականից ի վեր։ Վաշինգտոնը ստորագրել է, բայց չի վավերացրել միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին 1996 թվականի պայմանագիրը:
Մոսկվան իր վերջին միջուկային փորձարկումն անցկացրել է 1990 թվականին: Ռուսաստանը ստորագրել և վավերացրել է պայմանագիրը, բայց 2023 թվականին հետ է վերցրել իր ստորագրությունը։
 
			 
     
			





