Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը: Ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ստացել է ընտրողների 45 տոկոսի աջակցությունը. հաղորդում է պետական TRT հեռուստաալիքը:Բացվել են բոլոր քվեատուփերը։ Երկրի տարածքում գործել է ավելի քան 191 հազար ընտրատեղամաս։ Ընդհանուր առմամբ՝ գրանցվել է 64 միլիոն 113 հազար 941 ընտրող։ Օրեր առաջ քվեարկել է արտերկրում բնակվող 3 մլն 416 հազար 98 Թուրքիայի քաղաքացի։
ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել էր իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։ Թուրքիայի ԿԸՀ-ն վավեր է համարում նրա օգտին տրված ձայները։
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50% + մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ։
Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները պատմական են կոչվում, քանի որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն հաջողության հասնելու հնարավորություն ունի։







