2026 թվականի հունվարի 10-ին կայացավ Թեքեյան մշակութային միությունների ղեկավարների առցանց հանդիպումը, որին մասնակցեցին կառույցների ղեկավարներ Հայաստանից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Շվեցարիայից, Արգենտինայից, Ավստրալիայից, Կիպրոսից, Լիբանանից, Եգիպտոսից։
Հանդիպման նպատակն էր քննարկել համազգային կառույց ստեղծելու գաղափարը՝ որպես միասնական հարթակ, որը կխթանի համագործակցությունը, կկոորդինացնի գործունեությունը և կուժեղացնի Թեքեյան կառույցների համաշխարհային ներկայությունը։
Հանդիպումը բացեց ԱՄՆ և Կանադայի ԹՄՄ նախագահ դոկտոր Արշավիր Գյոնջյանը, ով ներկայացրեց հանդիպման օրակարգը և իր ելույթում կարևորեց համազգային կառույցի ստեղծման անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ նման միությունը հնարավորություն կտա տարբեր երկրների Թեքեյան մշակութային միություններին գործել համախմբված ձևով, համատեղ ծրագրեր իրականացնել, մշակութային միջոցառումներ կազմակերպել և արդյունավետորեն ներկայացնել հայկական մշակույթային ժառանգությունը միջազգային հարթակներում։
Ժողովի ընթացքում ելույթ ունեցան՝ Հայաստանի Թեքեյան մշակութային միության նախագահ Ռուբեն Միրզախանյանը, Թեքեյան Կենտրոն հիմնադրամի նախագահ Շահե Ուզունյանը (Մեծ Բրտանիա), Լիբանանի Թեքեյան մշակութային միության հիմնադիրների խորհրդի նախագահ Հակոբ Գասարչյանը և փոխնախագահ Նար Խաչատուրյանը, ԱՄՆ-ի Թեքեյան մշակութային միության փոխնախագահ Գևորգ Մարաշլյանը և քարտուղար Հակոբ Վարդիվարյանը, Ավստրալիայի Թեքեյան մշակութային միությունից Վահե Աթինյանը, Եգիպտոսի Թեքեյան մշակութային միության նախագահ դոկտոր Գևորգ Երզնկացյանը, Մեծ Բրիտանիայի Թեքեյան մշակութային միությունից Հրաչ Գույունջյանը, ԱՄՆ և Կանադայի ԹՄՄ Հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Գայանե Մուրադյանը, Թալին Ավագյանը Շվեցարիայի Թեքեյան մշակութային միությունից, ԱՄՆ-ի Թեքեյան մշակութային միության գրասենյակի վարիչ տնօրեն Արամ Արքունը, Արգետինայի Թեքեյան մշակութային միությունից Սերխիո Նահապետյանը։
Քննարկման ընթացքում շեշտվեց, որ համազգային Թեքեյան մշակութային միությունը կարող է դառնալ փոխգործակցության կարևոր կենտրոն՝ նպաստելով փորձի փոխանակմանը, երիտասարդական, կրթական և մշակութային նախաձեռնությունների զարգացմանը, ինչպես նաև նոր նախագծերի կյանքի կոչմանը։ Մասնակիցները կարևորեցին նաև կառույցի կազմակերպական ձևաչափի, կառավարման մեխանիզմների և առաջիկա քայլերի հստակեցումը։
Հանդիպման ավարտին արձանագրվեց ընդհանուր պատրաստակամություն շարունակել քննարկումները և առաջիկայում ձևավորել աշխատանքային շրջանակ, որը կզբաղվի համազգային Թեքեյան մշակութային միության ձևավորման գործընթացի հաջորդ փուլերով։









