«Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 12-ին խորհրդարան չի գնա:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վերահաստատեց՝ «Հայաստան» խմբակցությունը խորհրդարանում լինելու է բացառապես սեփական օրակարգով.
«Ամսի 12-ին հանդիպելու ենք, որտեղ՝ դեռ չենք ուզում ասել, կհայտարարենք դրա մասին: Մենք շարունակում ենք մնալ մեր որոշման տերը, խորհրդարանի դահլիճում այդ օրը թեև ընդդիմության ներկայացուցիչներին չեք տեսնելու, բայց կտեսնեք այլ հարթակներում»,-ասաց նա:
Իսկ թե ո՞րն է ընդդիմության սեփական օրակարգը, Մանուկյանը պարզաբանեց. «Փորձելու ենք պարտադրել սեփական օրակարգը և օգտագործելու ենք մեր ողջ գործիքակազմը:
Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգային և պաշտպանական հարցերի շուրջ մենք պարբերաբար հանդես ենք գալու նոր նախաձեռնություններով, ինչպես նախկինում է եղել, օրինակ ապրիլ ամսին, երբ խորհրդարանական ընդդիմությունը նախաձեռնեց արտահերթ նիստ , որն իշխանությունները խուսափեցին մասնակցել»,-ասաց Մանուկյանը:
Նշեք, որ վերջին շրջանում ընդդիմադիր առանձին գործիչներ շատ են մեղադրում ՀՅԴ-ին, մասնավորապես, Իշխան Սաղաթելյանին՝«Դիմադրության» շարժման տապալման մեջ, ավելին՝ նշում են, որ վերջինս պետք է հեռանա և շարժումը համակարգի մեկ այլ գործիչ:
Արձագանքելով այս մեղադրանքներին՝ Գեղամ Մանուկյանը նախ հետաքրքրվեց՝ թե ո՞վ է մեղադրողը, արդյո՞ք Էդգար Ղազարյանը.
««Դիմադրության» շարժումը ժողովրդի շարժումն է, այնտեղ չկա առաջնորդ կամ առանձնահատուկ դեր, Իշխան Սաղաթելյանը ծանր պատասխանատվություն էր վերցրել իր վրա՝ համակարգելու այդ շարժումը, քննադատատություններին կոնկրետ ծանոթ չեմ, բայց ««Դիմադրության» շարժման անդամները պարբերաբար հայտարարել են՝ դաշտը բաց է, ով այս իշխանությունների դեմ պայքարում է, մենք նրա կողքին ենք, ինչպես եղավ օգոստոսի 23-ին Էդգար Ղազարյանի հանրահավաքի ժամանակ, այդ օրը «Դիմադրության» շարժման ակտիվիստներն էին այնտեղ ու պայքարի զինակիցները, ինչ եղավ հետո՝ Էդգար Ղազարյանը մի օր հանգամանալից կբացատրի»,-ասաց նա:
Մեր հարցին՝ չի՞ կարծում արդյոք, որ շարժման տապալման հիմնական պատճառներից մեկը հենց այն էր, որ ընդդիմությունը միասնական չի և պառակտումներ շատ են լինում՝ Գեղամ Մանուկյանը չհամաձայնեց մեզ հետ և հավելեց. ««Դիմադրության» շարժումը ներքաղաքական չափորոշիչով պետք չի չափել, քանի որ խոսքը վերաբերում է մեր երկրի անվտանգությանը և մերպետականության գոյությանը»: