Պաշտպանության նախարարությունից արձագանքում են զինկոմիսարիատում զորակոչիկի մահանալու վերաբերյալ լուրին.
«Զինվորական կոմիսարիատում զորակոչի ենթակա քաղաքացու մահ չի արձանագրվել։
Անհիմն պատճառահետևանքային կապերի շեշտադրմամբ՝ մամուլում տեղեկություններ են տարածվում ՀՀ ԶՈՒ չզորակոչված քաղաքացի Է. Հ.-ի մահվան պատճառների վերաբերյալ, ինչի կապակցությամբ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ զինվորական կոմիսարիատում առկա փաստաթղթերի համաձայն՝ զորակոչիկը ինչպես զինվորական հաշվառման, այնպես էլ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչի ընթացքում ուղեգրվել է ստացիոնար հետազոտության և իրավասու հանձնաժողովների կողմից գտնվել է բժշկական փորձաքննության փուլում։
Քաղաքացու վերաբերյալ պիտանիության որոշում կայացված չի եղել. նա կենտրոնական բժշկական հանձնաժողովի կողմից ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ ախտորոշումը ճշտելու և փորձաքննական ճիշտ եզրակացություն կայացնելու նպատակով։
ԶԼՄ ներկայացուցիչներին հորդորում ենք քաղաքացու մահվան վերաբերյալ չհիմնավորված պատճառահետևանքային կապեր չարծարծել:
Պաշտպանության նախարարությունը ցավակցում է մահացած քաղաքացու ընտանիքի անդամներին և հարազատներին»։
Հիշեցնենք, որ ArmLur.am-ը գրել էր, որ իրենց խմբագրություն էին զանգահարել պարտադիր զինվորական ծառայության մեկնող զորակոչիկ 20-ամյա Էրիկ Հարությունյանի հարազատները և նշել․
«Արդեն 3-րդ տարին է Էրիկ Հարությունյանը իր առողջական խնդիրների պատճառով տարկետվում է զինվորական պարտադիր ծառայությունից 1 ական տարով: 2023 թվականի վերջին թիվ 3 զինկոմիսարիատի կողմից տրված ուղեգրերով հայտնաբերվում են բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես (զարկերակային հիպերտեզիա 2րդ կարգ, լյարդի և վահանաձև գեղձի մեծացում, սրտի հետազոտման հոլտեր սարքի միջոցով 2 անգամ մի քանի միլիվայրկյան գրանցված սրտի կանգ, սպիտակուցների արտահոսք օրգանիզմից և այլ բազմաթիվ սրտանոթային խնդիրներ): Երեխայի արյան ճնշումը տատանվում էր 150-ից մինչև 200, որոնք նույնպես արձանագրվել են բժշկական հետազոտությունների արդյունքում:
Որից հետո վերջնական զիվորական կոմիսիայի ժամանակ, երբ պետք է որոշեին երեխան ենթակա է ծառայության, թե ոչ, թիվ 3 զինկոմիսարիատի աշխատակիցների կողմից անտեսվում են Էրիկ Հարությունյանի հետազոտության արդյունքները, այն դեպքում, երբ իրեն այդ ցուցանիշներով պետք էր անհապաղ ազատել ծառայությունից և ուղարկել բուժման։ Սակայն նշանակում են ստացիոնալ մեկուսացված խիստ հսկողության պայմաններում զննման՝ Երևանի թիվ 8 հիվանդանոցում:
Որից հետո ծնողները հանդես են գալիս բողոքով Սարգսյան Գարիկի մոտ, որ իրենց երեխան հիվանդ է և չի դիմանա, ստանում են կոպիտ մերժում, որ տենցա պետք:
Անցնելով այդ դաժան կազմակերպած ստուգման միջով՝ նուն օրը հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը ժամը 03:00-ին Էրիկ Հարությունյանը մահանում է սրտի կաթվածից»: