Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Գալստյանը «Արցախպրես»-ին տված հարցազրույցում անդրադարձել է Հանրապետությունում էներգետիկ ներկա իրավիճակին, Սարսանգի ջրամբարի դատարկվելու հետևանքներին ու այլընտրանքային էներգիայի հնարավորություններին:
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
– Ինչպե՞ս կգնահատեիք Հանրապետությունում էներգետիկ իրավիճակը:
-Հայաստանից Արցախը սնուցող միակ բարձրավոլտ օդային գծի՝ Ադրբեջանի կողմից վնասման օրվանից (2023 թվականի հունվարի 9) առայսօր և գազամատակարարման պարբերաբար խափանումների, իսկ մարտի 22-ից արդեն վերջնականապես արգելափակման հետևանքով ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում, Արցախի էներգետիկ համակարգը ստիպված անցել է գերծանրաբեռնված ռեժիմով աշխատանքի: Ստեղծված իրավիճակում բնակչության նվազագույն էներգետիկ պահանջարկը բավարարելու նպատակով Արցախի Հանրապետության կառավարությունը ստիպված է եղել կիրառել մի շարք լրացուցիչ միջոցներ, ներառյալ՝ էլեկտրաէներգիայի խոշոր սպառող հանդիսացող մի շարք ձեռնարկությունների գործունեության դադարեցում, էլեկտրաէներգիայի ամենօրյա հովհարային անջատումներ՝ օրական 6 ժամ տևողությամբ, գործող ՀԷԿ-երի առավելագույն հզորությամբ շահագործում և այլն: Իսկ մարտի 31-ից, պայմանավորված ջեռուցման սեզոնի ավարտով, ինչպես նաև ընդհանուր սպառման կրկնակի նվազումն ու ձնհալի հետևանքով հոսող գետերի վրա աշխատող փոքր ՀԷԿ-երի էլեկտրաէներգիայի արտադրանքի ծավալի շուրջ 30%-ով աճը, հնարավորություն ընձեռվեց հովհարային անջատումների տևողությունը նվազեցնել՝ դարձնելով այն օրական 3 ժամ:
– Ինչպես հայտնել էր ՏԿԵ նախարարությունը՝ Սարսանգը, որի վրա կառուցված է մեր ամենամեծ էներգետիկ ռեսուրս արտադրող ՀԷԿ-ը, գրեթե դատարկվել է: Ի՞նչ հետևանքների կհանգեցնի Սարսանգի դատարկվելը:
-Ստեղծված էներգետիկ ճգնաժամի պայմաններում Արցախի էներգետիկ համակարգի արտադրող հզորությունների հնարավորություններն օր օրի նվազում են՝ պայմանավորված Սարսանգի ջրամբարի պաշարների սրընթաց սպառմամբ: Այժմ Սարսանգի ջրային պաշարները հասել են կրիտիկական պայմաններին՝ ընդհանուր ջրատարողության 15% և մոտենում է մեռյալ (չօգտագործելի) ծավալին, ինչը ենթադրում է, որ տեղումների պակասի դեպքում Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգը կհայտնվի անելանելի իրավիճակում, որն էլ իր հերթին կհանգեցնի հումանիտար աղետի:
Այլընտրանքային էներգիայի ի՞նչ հնարավորություններ են առկա, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ:
-Էլեկտրաէներգիայի տեղական արտադրանքի դեֆիցիտը հաշվի առնելով՝ ՏԿԵ նախարարությունն առաջնային է համարում այլընտրանքային աղբյուրներից արևային էներգիայի առավելագույն օգտագործումը, դրա համար անհրաժեշտ ներդրումների խթանումը՝ առաջիկա տարիների ընթացքում վերականգնվող առաջնային էներգիան հասցնելով սպառվող ողջ էներգիայի 20 և ավելի տոկոսին, որը կարևորվում է էներգետիկ անվտանգության ապահովման տեսակետից: Ընդ որում ԱՀ կառավարության 2022 թվականի մարտի 16-ի «ԱՀ համայնքներում արևային ֆոտովոլտային կայանների ձեռքբերման և տեղադրմանծրագիրը հաստատելու մասին» N265-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակում նախատեսվում է յուրաքանչյուր տարի ԱՀ բյուջետային հիմնարկների և կազմակերպությունների համար (դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, համայնքապետարաններ և այլն) կառուցել շուրջ 1 մեգավատտ ընդհանուր գումարային դրվածքային հզորությամբ արևային ֆոտովոլտային հիբրիդային կայաններ: Արդյունքում տարեկան կարտադրվի շուրջ 1,3 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը մասամբ կթեթևացնի բաշխիչ ցանցի ծանրաբեռնվածությունը, իսկ նշված հիմնարկներն ու կազմակերպությունները կունենան ինքնաբավ էլեկտրասնուցում: Հարկ է նշել, որ շրջափակումից ի վեր նշված ծրագրերի իրականացումն այլևս հնարավոր չէ կազմակերպել՝ ներկրման անհնարիության պայմաններում:
– Հնարավո՞ր է, որ էներգետիկ ճգնաժամի խորացման դեպքում, մասնավորապես՝ ձմռանը ամբողջովին անցում կատարվի վառելափայտով ջեռուցման: Եթե այո, ապա ի՞նչ քայլեր են ձեռնարկվում կամ ի՞նչ ծրագրեր են նախատեսվում այդ ուղղությամբ:
-Հաշվի առնելով Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքն ու Արցախի ժողովրդի դեմ իրականացվող բազմաթիվ անօրինություններն ու չդադարող սադրանքները՝ փորձում ենք անել ամեն բան՝ էներգետիկ ճգնաժամին դիմակայելու և հետագա խորացումը կանխելու նպատակով: Արցախի Հանրապետության կառավարությունը, բոլոր հնարավոր սցենարները հաշվի առնելով, մշակել է որոշակի ծրագրեր և հետամուտ է դրանց իրականացմանը:
«Արցախպրես»