«Ուզեն-չուզեն, պետք է բացահայտեն: Իրենք չբացահայտեն, իրենցից հետո եկողը կբացահայտի: Ու ես իրանց հերը կանիծեմ մի ուրիշ ձևով, որ իրենց իշխանության օրոք մենք երեխա տվեցինք, իրանք տարան, կերան։ Էնքան չկան իրենք, որ էդ գործը բացահայտեն զուտ ծնողի խղճի հանգստության համար։
Մինչև ամսի 10-ը ժամանակ ենք տալիս, որ կալանքի տակ վերցնեն ում որ պետք ա։ Ես անուններով կարող եմ ասել, բայց որոշ բաներ հաշվի առնելով՝ անուններով չեմ ասում:
Եթե ամսի 10-ի դատին գնացինք ու իմացանք, որ քրեական հետապնդում չեն հարուցել տվյալ մարդկանց նկատմամբ, մեզ կմիանան նաև մնացած բոլոր ծնողներն ու հարազատները, ու, մեղմ ասած, անհարմարություն ենք ստեղծելու իրենց համար: Թող խելքները գլուխները հավաքեն: 15 երեխեքի սպանությունը անհայտ պայմաններում խաղ ու պար չի, որ փակեն, գնա»,-ասել է Ազատ գյուղի զինվորական կացարանում սպանված 15 զինվորներից մեկի հայրը։
Հարազատները հավաքվել են Կառավարության շենքի մոտ ու պահանջում են գտնել մեղավորներին ու պատասխանատվության ենթարկել։ Նրանք վրդովված են՝ դատական համակարգն ո՞ւմ է ուզում պատժից փրկել, ո՞ւմ ջրաղացին է ջուր լցնում։ Ո»ւմ է ձեռնտու, որ այս գործը չբացահայտվի, քողարկվի, մոռացվի-գնա։
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: