«Երևան պարկի հատվածում՝ 150 հեկտար տարածքում, ունենք կանաչապատման, անտառտնկման մեծ ծրագիր, և այդտեղ ունենք ծրագիր Կենդանաբանական այգին տեղափոխելու, նոր ֆորմատով կենդանիներին ավելի լավ, ավելի բաց պայմաններում պահելու, որովհետև մեր ունեցած Կենդանաբանական այգու պայմանները դա մեզ թույլ չեն տալիս», – հայտարարել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Նշենք, որ Հրաչյա Սարգսյանի հրաժարականից հետո Երևանի քաղաքապետի պարտականություններն, ըստ օրենքի, պետք է կատարի առաջին տեղակալը՝ Լևոն Հովհաննիսյանը։
Սակայն թե՛ գործակարգավարական խորհրդակցությունները, թե՛ ավագանու նիստերը գլխավորում է փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ավագանու այսօրվա նիստին նա հայտարարել է, որ Երևանում նախատեսվում են կանաչապատման, անտառտնկման նոր ծրագրեր։ «Նորքի լանջին հայտնաբերել ենք 9 հեկտար, որը դառնալու է կանաչապատ գոտի։ Այս պահի դրությամբ անտառտնկման աշխատանքներ ունենք Եռաբլուրում, Սարալանջում, Համալիրի մոտ։ Բոլոր հին սրճարանները քանդվում են, ու հնարավորինս ընդլայնվում են կանաչ գոտիները, որովհետև միջին երևանցու համար ունենք ընդամենը 4 քմ կանաչ տարածք, իսկ մինիմալ ստանդարտը, լավագույն հաշվարկներով, 8 քմ է։ Դա նշանակում է, որ Երևանում պետք է կրկնակի ավելացնենք կանաչապատման ծավալները»։
Նշենք, որ կանաչ տարածքը պետք է զբաղեցնի քաղաքային միջավայրի 20 տոկոսը, իսկ Երևանում այն ընդամենը 4 տոկոս է։
Ավինյանի՝ Երևանում կանաչ տարածքներն ավելացնելու հայտարարությունները միգուցե հավատ ներշնչեին, եթե չլիներ նրա ձեռնարկած համատարած ծառահատումը և էնդեմիկ, սաղարթախիտ, օդը զտող ծառատեսակները երևանյան կլիմայի ու օդի աղտոտվածության մակարդակի հետ ընդհանրություն չունեցող ծառատեսակներով փոխարինելու նախաձեռնությունը։
Քանի որ ՀՀ իշխանությունները ինչ-որ բան մի վայրից մյուս վայր տեղափոխելիս, որպես կանոն, հեռահար նպատակ են ունենում. օրինակ՝ Բրյուսովի համալսարանը Մանկավարժականին ու Ֆիզկուլտինստիտուտին միացնելու բուն պատճառը Բրյուսովի համալսարանի շենքն այլ նպատակով օգտագործելն է, հետևաբար, տրամաբանական հարց է առաջանում՝ տեսնես իշխանությունների մտքին ի՞նչ կա, Երևանի կենդաբանական այգին տեղափոխելու բուն նպատակը ո՞րն է։