Ներդրվել է կատարողականի հիման վրա վարձատրության նոր համակարգ, որի ներդրումն ունի մի քանի նպատակ։ Դրանցից մեկը՝ կառավարության գործունեության և նրա ծրագրի իրականացումը դարձնել առավել արդյունավետ, այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով մեծ աղմուկ հանած պարգևավճարներից։
Նրա խոսքով՝ սա 2018 թվականից իրենց որդեգրած «զրո կոռուպցիա և զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ» քաղաքականության գործնական շարունակությունն է։
«Մենք որդեգրել ենք ամբասիր և որևէ ազդեցությունից զերծ պաշտոնյայի տեսլականը, և այդ տեսլականն իրականացնելու, կառավարության աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար մենք համարում ենք այդ որոշումն անհրաժեշտ։
Հաջորդ հիմնավորումն այն է, որ պետական համակարգում մրցունակությունը շարունակաբար պետք է բարձրացնենք, քանի որ պետական համակարգից որակյալ աշխատողների արտահոսք կա դեպի մասնավոր հատված։
Մենք ռազմավարություն ենք որդեգրել, որ Հայաստանում կրթվելը և կրթությունը պետք է դառնա ապրելակերպ, և մենք պետական պաշտոնյաներին պարտադրում ենք, որ իրենք իրենց մասնագիտական որակավորումները բարձրացնելու ուղղությամբ աշխատեն։ Իսկ դրանք որոշակի լրացուցիչ ֆինանսական ծախսեր են։ Կար գաղափար, որ դա բյուջեով նախատեսեինք, բայց մենք հիմա այս համակարգը ներդրել ենք, և վարձատրության մի մասը պետք է ծախսվի մասնագիտական հմտությունները զարգացնելու ուղղությամբ»,- ասաց Փաշինյանը։
Նա համոզմունք հայտնեց՝ այս ամենի արդյունքում պետական համակարգի աշխատանքն ավելի արդյունավետ է դառնալու։
«Ինչ վերաբերում է ինձ, ապա ես նախկինում այդ համակարգից երբեք չեմ օգտվել, բայց սա այն դեպքն է, երբ մենք ինստիտուցիոնալ համակարգ ենք ներդնում։ Եթե դա նախկինում եղել է վարչապետի որոշմամբ, հիմա մենք ներդնում ենք մի համակարգ, որն առաջին պիլոտային շրջանն անցնելուց հետո պետք է օրենսդրական ամրագրում ստանա։
Ես ինքս ինձ չեմ պարգևատրել, պետական որոշման շրջանակներում ես ամսական 1.5 մլն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ստացել»,- ասաց Փաշինյանը։








