Վաղարշապատի ընտրություններից իշխանությունը սխալ հետևություններ է անում, թե նույն արդյունքը գրանցվելու է նաև 2026-ի համապետական ընտրություններում, FactorTV-ի եթերում նման տեսակետ հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։
Ըստ նրա՝ պատճառն այն է, որ ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրությունների վրա այն ազդեցությունը չեն ունենում, ինչպես որ կարծում է իշխանությունը։
«Վաղարշապատի ընտրություններին մեկ դաշինք և յոթ ուժ էր մասնակցում։ Բնականաբար, լինելու էին դուրս մնացողներ և եղան, բայց փոշիացված ձայներով ՔՊ-ն իր 48 տոկոսանոց ձայները դարձրեց 57։ Ալեն Սիմոնյանը գրում է 57՝ իբր իրենք 57 տոկոս ձայն են հավաքել, բայց իրենք 57 տոկոս ձայն ոչ մի տեղ չեն հավաքել և ոչ մի տեղ չեն կարող հավաքել։ Պետք է անկեղծ լինել, խաբելով չի։
16 համայնք միացրել են Էջմիածնին, պլյուս 2 համայնք՝ 18 և խոշորացված համայնքի ղեկավարին նշանակել ժ/պ։ Հարամություն չի՞, որ 18 գյուղ կպցնում են քաղաքին։ Պետական ադմինիստրատիվ ռեսուրս օգտագործել են, երկրի վարչատարածքային բաժանումը փոխել են, որ կարողանան այդ փոքր տարածքում հաղթել։ Իրենք գիտեին, որ Էջմիածնում պարտված են։ ՔՊ-ն ՀՀԿ-ին հարիր գործիքակազմ է կիրառել»,- ասաց Էդմոն Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահը համոզմունք հայտնեց՝ եթե Վաղարշապատում ընդդիմադիր թեկնածու հաղթեր, ապա այժմ հաստատապես կալանավորված կլիներ։
«Կարող է՝ լավ էլ եղել է, որ չի հաղթել. հիմա նստած չի բանտում»,- ասաց նա։





