Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգը չի վերաբերում միայն ՀՀ-ում և Արցախում բնակվող մեր հայրենակիցներին, դա վերաբերում է աշխարհահայությանը։ Ուժեղ հայկական պետականությունը, կանգուն Արցախը գրավականն է հայ լինելու և հայ մնալու։ Եթե չլինի Հայաստան, չլինի Արցախ, ապա շատ մեծ հարցական կդառնա այլևս աշխարհի որևէ երկրում հայ լինելու, հայ ներկայանալու հարցը։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Արթուր Ղազինյանը։
Նշենք, որ մեկնարկում է «Համահայկական կոնսիլիում», որը փաստացի գործում է երկու և ավելի ամիս, քննարկումներ են լինում տարբեր ոլորտի մասնագետների և հեղինակություն վայելող անձանց միջև։
Ղազինյանի խոսքով՝ կոնսիլիում նշանակում է հաշտություն, որովհետև Հայաստանը, լինելով փոքր պետություն, լի է կոնֆլիկտներով՝ միկրո և մակրո բնույթով, ունենք ներքին անհամաձայնություն, տարաձայնություն, անհանդուրժողականություն, ատելություն, ինչը տարածվել է նաև ընկերների, բարեկամների, հարազատների շրջանում, ինչն աղետ է։
«Մենք միմյանց հետ հակամարտում ենք՝ թշնամին մեզ հաղթում է, մենք իրար ատում ենք՝ թշնամին մեզ սպանում է, մենք իրար չենք հանդուրժում՝ թշնամին մեր տարածքներն է գրավում, մեր երկիրը, մեր հողը։ Օր առաջ պետք է սկսել հաշտեցումը»,- նշեց Ղազինյանը։
Բացի այդ՝ «կոնսիլիում» նշանակում է նաև խորհուրդը, որը բժշկական տերմինաբանության մեջ նշանակում է տարբեր մասնագետների հավաք, որը ունի կոնկրետ խնդիր, այն է՝ տալ իրավիճակի, այսինքն՝ հիվանդի ախտորոշում, մշակել կոնկրետ գործողություններ, որոնք կկասեցնեն հիվանդության ընթացքը, այսինքն, ըստ Ղազինյանի, կկանգնեցնեն փլուզման, քայքայման գործընթացը, որը տեղի է ունենում Արցախում, մշակել, ապա կիրառության մեջ դնել բուժման էֆեկտիվ ծրագիր և ռեաբիլիտացիա՝ ոտքի կանգնել, գնալ կորուստները վերականգնելու։
«Արցախն ու Հայաստանը քար ու հող, շենք չէ, դա այդ հողի վրա ապրող մարդն է, այդ հող շենացնող, պահպանող, պաշտպանող զինվորն է, շինարարը, որն ամբողջությամբ կոչվում է ազգ, ժողովուրդ։
Կոնսիլիումի գաղափարով մենք առաջնորդվեցինք, որովհետև մեր Արցախն ու Հայաստանը ծանր հիվանդ են։ Այս փաստը միանշանակ հաստատված է ու որևէ մեկը չի կարող հերքել սա։ Մինչ այս, սակայն, որևէ մեկը չի կարողացել հստակ ասել, թե որն է հիվանդության պատճառը, պատճառահետևանքային ինչ կապով և վերջո մենք հասանք այս վիճակին»,- նշեց Ղազինյանը՝ հավելելով, որ պետք է տրվի ճշգրիտ ախտորոշում հեռու մնալով քաղաքական, հանրային զգայուն և նյարդային ռեակցիա առաջացնող հարցերի քննարկումից, ախտորոշման հիմքում դրվելու են գոյաբանական նշանակության այն խնդիրները, սխալները, թերացումները, որ հանգեցրին այս իրավիճակի։