Բաքվում ԿԽՄԿ գրասենյակի փակմամբ գուցե արտաքին աշխարհի հետ վերջին հաղորդուղին է փակվում, սակայն այդ փաստը հայ գերիների վիճակի, պահման պայմանների, նրանց նկատմամբ ճնշումների և բռնությունների առնչությամբ էական փոփոխության չի կարող հանգեցնել։ Պատճառն այն է, որ Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի աշխատակիցներն իրենք ադրբեջանցիներ են, և հաշվի առնելով Ադրբեջանի հասարակական-քաղաքական կյանքի կառուցվածքը և այն ուղղահայացը, որ կա վերևից ներքև, նրանց այսպես թե այնպես թույլ չէր տրվելու անաչառ գործունեություն ծավալել։ Azg.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։
Ըստ քաղաքագետի՝ կասկածից վեր է, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի աշխատակիցները հայ գերիներին տեսակցելուց հետո հրապարակավ հանդես են եկել այնպիսի հայտարարություններով, որոնք թելադրված են եղել վերևից։
«Կարելի է ծայրահեղ քիչ դեպքեր ենթադրել, որ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները տվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից մի քանի անգամ չզտված տեղեկություններ»,-ասաց Ռոբերտ Ղևոնդյանը։
Մեր զրուցակիցը հիշեցրեց՝ չկա մարդասիրական կամ միջազգային վերահսկողություն իրականացնող այլընտրանքային մեկ այլ մարմին, որը Կարմիր խաչի Բաքվի գրասենյակի փակումից հետո կկարողանա պատշաճ տեղեկություններ ստանալ և փոխանցել հայ գերիների մասին։
«Այդպիսի որևէ կառույց, իհարկե, չկա։ Եթե նույնիսկ Բաքվում նման կառույց լիներ, չեմ կարծում, որ այն էական փոփոխություններ կմտցներ գերիների հարցում։ Պետք է հասկանալ մեկ բան. անցել են այն ժամանակները, երբ կարող էինք գնալ Մոսկվա, Վաշինգտոն կամ Բրյուսել և բողոքել Ադրբեջանի գործողություններից։ Հայաստանի Հանրապետությունն առանձին սուբյեկտ է և Ադրբեջանն էլ իր հերթին՝ առանձին սուբյեկտ։ Հետևաբար Հայաստանի և Ադրբեջանի միջև նմանօրինակ հարցերը պետք է լուծել «հավասարը հավասարի հետ» բանակցությունների սկզբունքով կամ ինչ-որ բան ինչ-որ բանի դիմաց առաջարկելով։
Իսկ եթե Հայաստանը չի կարողանում լուծել ռազմագերիների վերադարձի հարցը, ապա գուցե ՀՀ իշխանությունները, ընդդիմությունը, քաղհասարակությունը, փորձագիտական համայնքը, լրագրողները լավ չե՞ն աշխատում։ Գուցե մենք բոլորս հավանաբար այնքան էլ լավ չենք աշխատում և պետք է աշխատել ավելի շատ, ավելի լավ, ավելի երկար ժամանակ հատկացնելով գերիների վերադարձի հարցին։ Ուրիշ տարբերակ մտածել, թե կլինի երրորդ կողմ, որի միջոցով կկարողանանք ինչ-որ բան անել, հնացած մտածելակերպ է, որն այսօր աշխատել չի կարող»,- ամփոփեց քաղաքագետը։
Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական աղբյուրների՝ Բաքուն ԿԽՄԿ-ին ծանուցել է կառույցի գործունեությունը դադարեցնելու մասին։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հասարակայնության հետ կապերի մասնագետ Օրելի Լաշանը APA-ին ասել է, որ Ադրբեջանի կառավարությունն իրենց տեղեկացրել է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը փակելու մտադրության մասին։