«Վեհարանից հանել» արտահայտությունը կարող է մոլորության մեջ գցել մարդկանց. խոսքը նրան ֆիզիկապես Վեհարանից հեռացնելու մասին չէ, խոսքը նրա մասին է, որ Կտրիճ Ներսիսյանը կուսակրոնության ուխտը խախտել է,լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով վարչապետ Փաշինյանի՝ եկեղեցու ու հոգևորականության դեմ սկսած արշավին:
Ճշտող հարցին՝ որտեղի՞ց գիտի, որ խախտել է, Ռուբինյանն պատասխանեց՝ դա մի բան է, որի մասին բոլորը հայտարարում են ու ոչ ոք չի հերքում:
«Կտրիճ Ներսիսյանին բազմիցս կոչ է արվել, որ ինքը պարզաբանում տա, բայց ինքը չի պարզաբանում»:
Իսկ թե ինչու կաթողիկոսին չի ասում Վեհափառ, ԱԺ փոխնախագահը նշեց՝ որովհետև եկեղեցական տիտղոսներն ինչ-որ իմաստ են կրում:
«Օրինակ՝ Սրբազան նշանակում է սրբակենցաղ, երբ Սրբազանի ես հանդիպում ունենաս, պետք է ասես՝ Աստված օգնական, Սրբազան հայր, ինքն էլ պետք է ասի Աստված պահապան, զավակս: Վեհափառին ասում ես՝ Վեհափառ, դրանով փառավորում ես իրեն: Հիմա, եթե մարդը իր տված ուխտը խախտել է, ես իրեն ո՞նց ասեմ Վեհափառ»,- հայտարարեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ այդ մեղադրանքները կեղծ են, Ռուբինյանն ասաց. «Սուտ է՝ թող ասի՝ սուտ է: Այն կետից սկսած, երբ հարցը բարձրացվեց ու չհերքվեց, դա դարձավ ճշմարտություն»: