Ամբողջ վարչական ռեսուրսը, լծակը, իշխանական հնարավորությունները օգտագործում են, ընտրակեղծիքներով-բանով չեն կարողանում ընտրվել, ուրեմն պիտի արտահերթ ընտրություններ լինե՞ն։ Գյումրիի քաղաքապետարանում այսօր լրագրողների հետ զրույցում նման հարց հնչեցրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Գյումրիի ավագանու ՔՊ ցուցակը գլխավորող Սարիկ Մինասյանի հայտարարությանը, թե Գյումրիում ճգնաժամ է, և պետք է լինեն արտահերթ նոր ընտրություններ:
«Հիմա էլ ընդիմությունը մեղավոր է, որ Գյումրիում հաղթանա՞կ է տարել: Ո՞նց է ընդդիմությունը կորզել այդ ձայները, այդ պնդումը անլուրջ է:
Եկեք նայենք, թե ոնց է Սարիկ Մինասյանը դարձել Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար: «Բալասանյան դաշինքի» ներկայացուցիչին, Բալասանյանի տղուն տանում են, բանտարկում են: Հետո ԺՊ են նշանակում, ասում են՝ 30-40 օր հետո պիտի ընտրություն լինի: Հետո ամբողջ վարչական լծակը, ռեսուրսը՝ է՛լ նախարարություններով, է՛լ մարզպետներով, է՛լ իրենց ձեռքի տակ ամբողջ գործիքակազմը կիրառելով, չեն կարողանում արդյունքի հասնել։ Հիմա էլ մեղադրում են, ասում են՝ նոր ընտրություններ անցկացնել, դրա լրջությունը որտե՞ղ է»,-ասաց պատգամավորը։
Գառնիկ Դանիելյանը հայտարարեց, որ այս իշխանությունը չարիք է։
«Ամեն ինչի մեղավորը իրենք են, այս ամբողջ պատասխանատվության բեռը հենց իրենց ուսերին է: Իրենք թող ոչ մեկին չմեղադրեն, գոնե թողեն, որ ընդդիմությունը կարողանա եղածը պահել:
Թող իրենք հանգիստ լինեն, ոչ մի ճգնաժամ էլ չի լինի: Խմբակցությունները բոլորը եկան և միաբերան ասացին, որ սատարում են ամենաշատ քվե ստացած թեկնածուին: Սա հրաշալի օրինակ է Հայաստանի համար, թե ոնց կարող է միասնական ընդդիմությունը ջախջախի, տապալի, գետնի ՔՊ-ին: Դրա համար ես շատ ուրախ եմ և շնորհավորում եմ բոլորին, այն մարդկանց, որ տարիներ շարունակ պայքարել են այս ռեժիմի դեմ: Գյումրին պիտի օրինակ ծառայի ոչ մ իայն Երևանի, այլև բոլոր տեղերի համար»,- նշեց Գառնիկ Դանիելյանը: