Գյումրիի նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում հայտարարվեց, որ Հայաստանի կոմունիստական կուսակցության խմբակցության անդամ Վարդան Ղուկասյանը Գյումրի համայնքի ղեկավարի միակ թեկնածուն է։
Վարդան Ղուկասյանը իր ելույթում վստահեցրեց, որ քաղաքապետի պաշտոնում ընտրվելու դեպքում լսելու է բոլորին, եթե կլինեն քաղաքի զարգացմանը միտված ծրագրերի առաջարկներ։
Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքական ուժերին՝ կարևորելով այն հանգամանքը, որ ընտրություններն անցել են հանգիստ մթնոլորտում։
Նա նաև շնորհակալություն հայտնեց ընտրություններին մասնակցած բոլոր քաղաքացիներին։
«Որդեգրելու ենք համերաշխությամբ, խաղաղությամբ, կառուցողականությամբ առաջ շարժվելու ճանապարհը»,-նշեց Ղուկասյանը։
Ավագանու նիստն ընդմիջվել է 30 րոպեով, որից հետո տեղի կունենա Գյումրի համայնքի ղեկավարի ընտրության քվեարկությունը։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որն ընտրությունների արդյունքներով ամենաշատ մանդատներն ունի ավագանիում (14), բոյկոտել է ավագանու առաջին նիստը։ Ընդդիմադիր մյուս ուժերը՝ «Իմ քաղաքը» դաշինքը, «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և «Մայր Հայաստան» դաշինքը վերահաստատել են, որ ապահովելու են ամենաշատ ձայներ հավաքած ընդդիմադիր ուժի՝ Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան Ղուկասյանի ընտրությունը քաղաքապետի պաշտոնում։