Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը շարունակում է զրպարտիչ հայտարարություններ անել Ադրբեջանի հասցեին. ասվում է արհեստածին ու ինքակոչ «արևմտյան ադրբեջանի» համայնքի հայտարարության մեջ։
«Այս հայտարարություններով Եվրամիությունը ևս մեկ անգամ ապացուցում է, որ չեզոք դիրքորոշում չի ցուցաբերում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Ցավալի է, որ կառույցի ներկայացուցիչը, որը գրեթե երեսուն տարի երբեք չի խոսել Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացիայի փաստի մասին, կողմնակալ դիրքորոշում է ցուցաբերում Ադրբեջանի նկատմամբ։ Նման պայմաններում ԵՄ միջնորդական առաքելությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացում որևէ շանս չունի։ Միջազգային կազմակերպության ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, թե որպես միջնորդ պատրաստ է նպաստել գործընթացին՝ կողմերից մեկի հասցեին սպառնալից տոնով հայտարարությամբ, անհամատեղելի է «միջնորդության» սկզբունքի էությանը և անընդունելի։ Արևմտյան Ադրբեջանի համայնքը ևս մեկ անգամ կոչ է անում ԵՄ-ին հրաժարվել Ադրբեջանի դեմ անարդար և մեղադրական հռետորաբանությունից»,- ասված է համայնքի հայտարարության մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն մտահոգված է Հայաստանի տարածքում Ադրբեջանի հավակնություններով։
Բորելը նշել էր, որ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անթույլատրելի է լինելու, և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների համար։
Այսօր՝ ավելի վաղ, Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այհան Հաջիզադեն է հայտարարություն տարածել. «ԵՄ Բարձր ներկայացուցչի կողմից փաստերի ակնհայտ խեղաթյուրումն արհամարհանք է Ադրբեջանի լեգիտիմ շահերի նկատմամբ, և այդպիսի սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջանի և ԵՄ-ի հարաբերությունները:
Բարձր ներկայացուցիչը ոչ միայն ամբողջովին խեղաթյուրում է Ադրբեջանի նախագահի տեսակետները Ադրբեջանի և Հայաստանի տարածքների մասին պատմական փաստերի վերաբերյալ, այլև հրահրում է ռազմատենչ և ագրեսիվ քաղաքականություն Ադրբեջանի նկատմամբ»։