Բնականաբար, մտահոգված ենք, որովհետև եթե Հայաստանի արդյունաբերության առաջատարը մեկ շաբաթ չի աշխատում, դա ազդելու է տնտեսական ցուցանիշների և հարկերի հավաքագրման վրա։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները գործադուլին և աշխատավարձերի բարձրացման պահանջին։
«Այս առումով մեզ համար ամենակատարյալ տարբերակը կլինի, որ հանքարդյունաբերական համալիրը հնարավորինս շուտ սկսի իր աշխատանքը։ Մեզ պետք է, որ կոմբինատն օր առաջ աշխատի, որովհետև չաշխատելը բազմաթիվ ռիսկերով է հղի»,- նշեց նախարարը։
Հարցին՝ ի՞նչ է անում կառավարությունն այդ ուղղությամբ, Գևորգ Պապոյանը պատասխանեց․ ինքը կարծում է՝ դա արհմիության և հանքարդյունաբերական համալիրի աշխատակիցների տիրույթում գտնվող հարցն է։
«Որպես էկոնոմիկայի նախարարություն՝ մենք շատ կուզենք, որ մեկ օր շուտ սկսվի հանքարդյունաբերական գործունեությունը»,- ասաց նա։








