ՀՔԾ-ի դիմաց հաջակցություն բժիշկ Արմեն Չարչյանի բողոքի ակցիա իրականացնող սպիտակ խալաթով բժիշկները բաց նամակ հանձնեցին ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին:
Բժիշկներից Սամվել Սահակյանն ընթերցեց բաց նամակը.
«ՀՔԾ պետ պարոն Սասուն Խաչատրյանին,
Հարգելի պարոն Խաչատրյան, ձեզ են դիմում Հայաստանի բժշկական հանրության մի շարք ներկայացուցիչներ, որոնց թիվն ամեն օր ավելանում է: Երեկվանից պրոֆեսոր Արմեն Չարչյանի առողջական վիճակն ավելի է վատացել, որը չի կարող ազդեցություն չունենալ մեր Հայաստանի բժշկական հանրության վրա: Մենք մեր վերջին ջիգերն ենք գործադրում շարունակելու կատարել մեր նվիրական գործը սրտով, սիրով ու հոգով բուժել հիվանդին, կռիվ տալ հիվանդության դեմ ի շահ ժողովրդի: Բայց մեր ուժերը լքում են մեզ: Հիվանդության դեմ պատերազմում մենք չենք ուզում պարտվել, մենք չենք կարող պարտվել:
Պարոն Խաչատրյան, խնդրում, հորդորում, պահանջում ենք արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատության մեջ, որ հիվանդության դեմ պատերազմում հաղթողը լինենք մենք: Մեծահոգությունը հզորացնում է մարդուն, եղեք հզոր, արեք ամեն ինչ, որ պրոֆեսոր Չարչյանը լինի մեր կողքին, ազատության մեջբուժի հիվանդին, մենք էլ սրտով ու հոգով բուժենք մեր հիվանդներին: Մենք հավատում ենք ժողովրդավարությանը, հավատում ենք արդար արդարադատությանը, մարդասիրությանը, որ ցույց եք տալու ձեր մեծահոգությունն ու հզորությունը:
Պրոֆեսոր Արմեն Չարչյանը չի խոչընդոտի գործի քննությանը, երաշխավորում ենք: Չի խուսափի վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց, երաշխավորում ենք:
Մեզ զանգահրում եւ իրենց զորակցությունն են հայտնում արտերկրի անվանի բժիշկ ակադեմիկոսները: Պատասխանում ենք, որ մեր հանրապետությունը ժողովրդավարական է, մարդասիրական, փոքրագությունը տեղ չունի մեր հայրենիքում: Այստեղ իշխում է մեծահոգությունը, այստեղ արդարադատությունն արդար է:
Մեզ են դիմում պրոֆեսորի բուժած հիվանդները, Արցախյան պատերազմներում վիրավորված եւ պրոֆեսորի նշտարով ամոքված հերոսները իրենց աջակցությունն են հայտնում: Պատասխանում ենք, որ մեր հանրապետությունը ժողովրդավար է, մարդասիրական, փոքրագությունը տեղ չունի մեր հայրենիքում: Այստեղ իշխում է մեծահոգությունը, այստեղ արդարադատությունն արդար է:
Պարոն Խաչատրյան, արեք այնպես, որ խաբված չլինենք մեր խոստումներում: Մեծահոգությունը հարստացնում է մարդու հոգու պատմությունը, արեք այնպես, որ պրոֆեսոր Չարչյանը լինի ազատությանմեջ, օգնեք մեզ, որ հիվանդության դեմ մեր ամենօրյա պատերազմում հաղթող լինենք, նպաստեք պրոֆեսորի ազատության մեջ լինելուն»:
Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։
Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: