ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է կամավոր ատեստավորման նոր գործընթաց՝ բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների համար:
Կամավոր ատեստավորմանը մասնակցելու համար հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ձևավորված հարթակում /at.emis.am/ 2024 թվականի փետրվարի 12-ից մինչև փետրվարի 21-ը` ժամը 24:00-ը ներառյալ: Հայտը ներկայացնելուց հետո մասնակիցը կստանա հաղորդագրություն՝ հայտն ընդունված լինելու վերաբերյալ:
Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝
1) ուսուցչի անունը, ազգանունը, հայրանունը.
2) ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզը, տարածաշրջանը). չաշխատողի դեպքում տվյալ նշումը չի արվում.
3) առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել (ՀՀ կառավարության 2022 թ. ապրիլի 28-ի 596-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ կետի դեպքում՝ որակավորման (առկայության դեպքում) իր բազային կրթության կամ նույն կարգի 13-րդ կետում նշված ցանկում ընդգրկված առարկան).
4) անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը.
5) անձի էլեկտրոնային փոստի հասցեն, հեռախոսահամարը.
6) կրթությունը հավաստող փաստաթուղթը:
Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է գրավոր եղանակով՝ բոլոր առարկաներից:
«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, Պատմություն դասավանդող ուսուցիչներ՝ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաներից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները ներառվելու են մեկ թեստում։
5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», «Բնագիտություն», «Հայրենագիտություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ռուսաց լեզու», «Անգլերեն», «Ֆրանսերեն», «Գերմաներեն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Ինֆորմատիկա», «Հասարակագիտություն», «Նախնական զինվորական պատրաստություն», «Ֆիզկուլտուրա», «Երաժշտություն», «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Շախմատ» առարկաների ուսուցիչների և դասվարների, ինչպես նաև «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների և խմբակավարների ատեստավորումն իրականացվում է թեստավորման եղանակով:
«Բնագիտություն» և «Հայրենագիտություն» առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար ընտրում են բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:
Ռուսերենով ուսուցմամբ դասարանների դասվարների համար թեստերը կարող են կազմվել ռուսերենով:
Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:
Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։
Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ էլեկտրոնային համակարգում նշման հնարավորությունը փակվելու է:
Հիշեցնենք, որ բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչները կամավոր ատեստավորման ևս մեկ հնարավորություն են ունեցել 2023 թվականին: