«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը ՍԴ միջնորդություն է ներկայացրել՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասնակցությունն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով դիմումի քննությանն անհնարին դարձնելու մասին։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը։
Նա հույս հայտնեց առ այն, որ ՍԴ-ն աշխատանքային նիստում քննության առարկա կդարձնի միջնորդությունը՝ նշելով, որ միջնորդություն ներկայացնելու պատճառ է դարձել այն հանգամանքը, որ Վահե Գրիգորյանը մասնակցել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով որպես դատավարական հակառակորդ՝ հանդես է եկել ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Արմեն Գևորգյանը։
«Վահե Գրիգորյանը, թեև որպես մասնագետ չկարծելով, որ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածը սահմանադրական հոդված է, բայց պաշտպանում էր այդ հոդվածը։ Որպես մասնագետ, համոզված եմ, որ ինքը ևս համոզված էր, որ դա հակասահմանադրական է, Վահե Գրիգորյանը բավականաչափ փորձ ունի ԵԴ նախադեպրի, նաև՝ ներկայացուցչության մասով, բայց նման վարքագիծ էր դրսևորել»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանն ունի նաև կանխակալ վերաբերմունք։
Ինչ վերաբերում է ՍԴ կողմից կայացվելիք հնարավոր որոշման վերաբերյալ հարցին, Վարդևանյանը նշեց, որ ՍԴ որոշումների վերաբերյալ գնահատական կարելի է միայն որոշումների ընդունումից հետո՝ դրանց ծանոթանալուց հետո, նախապես գնահատական տալն իրավաբանական համայնքում այդքան էլ ընդունված մոտեցում չէ։
Հարցին՝ արդյոք վստահություն ունի ՍԴ-ի նկատմամբ, Վարդևանյանն արձագանքեց՝ նշելով, որ վստահությունն իրավաբանական կատեգորիա չէ։
«Այո, բացառություն են կազմում այն դեպքերը, երբ օրինակ Վերաքննիչ քրեական դատարանում ունենք մի քանի շատ հայտնի դատավորներ, ունենք նաև հայտնի դատավորներ, որոնք կարող են հունիսի 20-ին խուզարկության թույլտվություն տալ։ Այդպիսի դատավորների դեպքում վստահություն չունենք։ ՍԴ-ի մասին նման պնդում չեմ կարող անել»,- նշեց Վարդևանյանը՝ հավելելով, որ կանխավարկածն այնպիսին է, որ պետք է ունենանք սահմանադրական արդարադատություն, իսկ որոշումը չի կարող լինել ավելի ուշ, քան դիմումը ներկայացնելուց 15 օր հետո։
Աղբյուր` Փաստինֆո