Այդ շահարկումների, ստահոտ պնդումների վերաբերյալ որևէ միտք, ցանկություն չունեմ անդրադառնալու, լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով իր և Կախվածությունների ազգային կենտրոնի նախկին տնօրեն Սուրեն Նազինյանի միջև լարվածությանը և վերջինիս կողմից արվող այն հայտարարություններին, թե փորձում էին պարտադրել, որ ստորագրի 87 միլիոն դրամի խախտման ակտի տակ։
«Մեր կայքում մանրամասն հանգամանալից պատասխանել ենք, ավելացնելու ոչինչ չունեմ»,- ի պատասխան լրագրողի ճշտող հարցի՝ ասաց նա։
Հաջորդ շհարցին՝ ինչո՞վ է պայմանավորվում իր և տվյալ անձի միջև առկա լարվածությունը, Ավանեսյանը հավաստիացրեց, որ որևէ մեկի նկատմամբ լարվածություն չունի, այդ թվում՝ ն Նազինյանի։
«Թե ինքը ինչ ունի լարվածություն, թե ոչ լարվածություն, տեղյակ չեմ»,- նշեց նախարարը։
Դիտարկմանը, որ նախարարը լարվածություն է ունեցել իր տեղակալների, էլի շատ մարդկանց հետո, որոշ հաստատությունների տնօրենների է ազատել, որոնք ավելի ուշ դատական կարգով վերականգնվեցին իրենց պաշտոնում, Ավանեսյանն ասաց.
«Ձեր նկարագրածը ճիշտ ցուցիչ է, որ մեր համակարգում իսկապես բարեփոխումներ են լինում, իսկ բարեփոխումների շրջանակներում չեն կարող չլինել փոփոխություններ և չի կարող լինել այնպես, որ այն մարդիկ, որոնք այդ համակարգի մաս էին կազմում և մեր պատկերացումով չեն բավարարում մեր դրած չափանիշներին և չեն օգնում մեր բարեփոխումների իրականացմանը, այո, փոխվել են։ Իհարկե իրենք դրանից գոհ չեն, երջանիկ չեն, դա լրիվ նորմալ է, հասկանում եմ։
Առողջապահական ոլորտի բարեփոխումները և համակարգային փոփոխությունները, այդ թվում նաև կադրային համակարգային փոփոխությունները մշտապես իմ օրակարգում ինչպես եղել են, այնպես էլ շարունակվելու են։ Առաջիկայում էլ, վստահ եմ՝ ունենալու ենք թե՛ ազատումներ, թե՛ փոփոխություններ։ Ընդհանուր առմամբ մեր չափորոշիչներն ու նշաձողը, քանի գնա՝ բարձրանալու է մեր կադրերի նկատմամբ։ Ինձ համար կադրային քաղաքականությունը, ինչպես եղել է համակարգը փոխելու կարևոր գործոններից մեկը, այնպես էլ շարունակելու է մնալ»։









