Ես դրա մասին կարծիք չունեմ. դուք ճշտեք՝ իմ ղեկավարած հիմնադրամն ասոցացվո՞ւմ է ՀՀ վարչապետի հետ, այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողների հարցին հարցով պատասխանեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը՝ հավելելով, որ, օրինակ,Դանիել Իոաննիսյանի մոտ ասոցացվում է։
«Այս հարցով խախտվում է իմ սահմանադրական իրավունքը՝ ազատ ընտրության և ազատ կամարտահայտության։ Չի կարելի դիմացի մարդու քաղաքական կողմնորոշումը հանրային քննարկման առարկա դարձնել՝ անկախ նրանից՝ ով է այդ մարդը, որովհետև Սահմանադրությամբ պաշտպանված է այդ թվում այս կամ այն պաշտոնյայի գաղտնի կամարտահայտությա իրավունքը։ Պաշտոնյայի կին լինելուց բացի և դրանից առաջ՝ ես ՀՀ քաղաքացի եմ, ով ունի ազատ կամարտահայտման իրավունք»,- ասաց Հակոբյանը։
Դիտարկման ի պատասխան, որ «Կրթվելը նորաձև է» շարժումը ֆինանսավորվել է կառավարության կողմից, վարչապետի տիկինը նկատեց՝ շարժումը ֆինանսավորում չի ունեցել, և կառավարությունը չի ֆինանսավորել իրենց։
«Այդ շարժումը մինչև այսօր գոյություն ունի, այն չի ենթադրում որևէ ֆինանսական շարժ։ Շարժման շրջանակներում կառավարության ներգրավվածությունը եղել է բացառապես ՀՀ Նիկոլ Փաշիանյանի՝ որպես բանախոս հանդես գալու ժամանակ, և կառավարոսւթյունը ոչ թե շարժումն է ֆինանսավորել, այլ կառավարության ղեկավարի մասնակցության մասն է ունեցել՝ ընդամենը։
«Կրթվելը նորաձև է» շարժումը չի ֆինանսավորվել, չի ֆինանսավորվում և չի ֆինանսավորվելու։ Դա հանրային շարժում է, այն չունի որևէ գրանցված մարմին, որը կարող էր ունենալ հաշվապահություն և այլն։ «Իմ քայլը» հիմնադրամն ունի «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագիր, որը հաստատված է հոգաբարձուների խորհրդի կողմից»,- ասաց Աննա Հակոբյանը։
Լրագրողի դիտարկամանը, որ հանրության կարծիքով՝ «Իմ քայլը» հիմնադրամին նվիրատվություններ արած գործարարներն ի վերջո հայտնվում են արտոնյալ կարգավիճակում, վարչապետի տիկինը պատասխանեց՝ դա սուտ է, իրականության հետ կապ չունեցող կարծիք։
Իսկ ահա հիշեցմանը, որ երեկ լրացել է վարչապետի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի մահվան 4-րդ տարելիցը, Աննա Հակոբյան ասաց.
«Ես խնդրեցի հարգել իմ խնդրանքը (նկատի ունի ասուլիսի մեկնարկին հնչեցրած իր հայտարարությունը, որ խոսելու է բացառապես «Իմ քայլը» հիմնադրամի մասին)։ Ես այլ հարցերի չեմ պատասխանում»,- ասաց Հակոբյանը։
Աննա Հակոբյանը նաև անպատասխան թողեց այն հարցը, թե անընդհատ խոսելով կանանց և մասնավորապես իր՝ որպես կնոջ իրավունքների պաշտպանության մասին, երբևիցե մտածե՞լ է պաշտպանել, օրինակ, «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, օրեր առաջ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված Գոհար Ղումաշյանի իրավունքները։ Այս հարցը Հակոբյանն անթույլատրելի համարեց։








