ԱԱ-2022-ի ընտրական փուլի J խմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 0։0 հաշվով է ավարտել Հյուսիսային Մակեդոնիայի հետ արտագնա հանդիպումը։ Մանրամասն՝ այստեղ։
Խաղից հետո կայացել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մամուլի ասուլիսը.
– Ինչպիսի՞ գնահատական կտաք Հս. Մակեդոնիայի հետ խաղին։
– Այս խաղում կար ամեն ինչ. առաջին խաղակեսը նահանջելով սկսեցինք՝ հասկանալով, որ մրցակիցը կարող է գլխացավանքներ պատճառել եզրերով։ Ընթացքում տղաներն ավելի վստահ գործեցին, հակագրոհեցինք և կարող էինք գրավել մրցակցի դարպասը։
– Երեկվա ասուլիսում Մխիթարյանն ասաց, որ եկել են Մակեդոնիա հաղթելու համար, բայց խաղի ընթացքում տեսանք, որ Հայաստանի հավաքականին, այսպես ասած, բավարարում է ոչ-ոքին։ Արդյո՞ք Ձեր ծրագրերը Մխիթարյանի ասածից տարբերվում էին։
– Ամբողջ հարցն այն է, որ դաշտ են դուրս գալիս երկու հավաքականներ։ Մենք կցանկանայինք անընդհատ գրոհել, սակայն մրցակիցը ստիպում է նահանջել։ Խաղի յուրաքանչյուր պահին պետք է հասկանալ, թե ինչ է պետք անել կոնկրետ այդ պահին. մեր տղաները հասկացան դա։
– Խմբում արդյունքները շատ անկանխատեսելի են։ Որքանո՞վ եք զարմացած հանդիպումների արդյունքներից։
– Խմբում հավասար պայքար է ծավալվել, այդիսկ պատճառով չպետք է ուշադրություն դարձնենք աղյուսակին, այլ կենտրոնանանք յուրաքանչյուր հաջորդ խաղի վրա։
– Գո՞հ եք որակազրկված խաղացողների փոխարեն դաշտ դուրս եկած ֆուտբոլիստների խաղից և ի՞նչ կասեք մասնավորապես Էրիկ Վարդանյանի մասին։
– Այո, իհարկե գոհ եմ։ Այս թիմը հոգի ունի. տղաները ապացուցեցին, որ կարող են «տառապել», ինչպես տեղի ունեցավ վերջին 15 րոպեների ընթացքում։ Սա նշան է, որ մենք իսկական թիմ ունենք։ Էրիկը հիանալի խաղ ցուցադրեց։
– Հավաքականի նախորդ մարզիչները չէին կարողանում պատասխանատու պահերին վստահել երիտասարդ խաղացողների. ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում։
– Որովհետև ես վստահում եմ նրանց. երիտասարդներին պետք է վստահել։ Պետք է թույլ տան, որ նրանք նաև սխալներ գործեն. սա միակ տարբերակն է, որ ֆուտբոլիստն աճի։ Մենք գոհ ենք տղաների ելույթներից։
– Փոխարինման մտած ֆուտբոլիստները չէին խաղում այն դիրքերում, որտեղ հիմնականում հանդես են եկել իրենց ակումբներում, նաև հավաքականում։ Ինչո՞վ էր դա պայմանավորված։
– Մենք մարզումների ընթացքում աշխատել ենք այդ ուղղությամբ։
– Խաղավերջում այնպիսի տպավորություն էր, որ երկու թիմերն էլ գոհ էր 0։0-ից. արդյո՞ք Դուք գոհ եք արդյունքից և ինչպե՞ս եք գնահատում մեր շանսերը խմբում։
– Արժանացանք այս միավորին և այլ բացատրություն պետք չէ։ Մենք պետք է խաղից խաղ առաջ շարժվենք. այս հանդիպումն արդեն անցյալում է։ Պետք է կենտրոնանալ առաջիկ խաղի վրա։ Սա պետք է լինի մեր մենթալիտետը։