Պատճառը, որ Ադրբեջանը սանձազերծեց 44-օրյա պատերազմը, հետևյալի մեջ է. այն տարիներին, երբ որ պետք էր Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնել, որպեսզի երկու երկրների ռազմական բյուջեների հարաբերակցությունը 1-ը՝ 1-ինից չդառնա 1-ը՝ 5–ին, պետք էր այդ տարիները օգտագործել Հայաստանի ռազմական բյուջեն մեծացնելու համար, ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ընտանեկան բյուջեն մեծացնելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Այ դա է պատճառը եղել 44-օրյա պատերազմի, երբ որ բալանսը այնպես էին խախտել, որ չկար զսպիչ հանգամանք։
Ինչո՞ւ պիտի Ադրբեջանը 2000-ականներին պատերազմ սկսեր, եթե ինքը տեսնում էր, որ իր ռազմական բյուջեն ավելանում է, իսկ Հայաստանի ռազմական բյուջեն ճիշտ համամասնությամբ չի ավելանում։ Ինքը ընդամենը պիտի սպասեր, որ այդ համամասնությունը փոխվի իր օգտին։
Երբ որ Ռոբերտ Քոչարյանը ասում է՝ «Իմ տարիները եղել են խաղաղ», խաղաղ պարտքով վերցրած տարիներ են եղել։ Այն տարիները, երբ որ պետք էր ծախսել ռազմական բյուջեների համամասնությունը պահելու համար, ինքը ծախսել է իր ընտանեկան բյուջեն մեծացնելու համար։ Արդյունքում իր նախագահության ավարտին մեկը մեկի հարաբերակցությունից դառել է մեկը հինգի հարաբերակցություն»,–ասաց նա։





