Հոկտեմբերի 27-ին խորհրդարանում քվեարկության էր դրվել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքում ընդդիմության կողմից կազմված ԱԺ հայտարարության նախագիծը:
Հայտարարությամբ, մասնավորապես՝ ՀՀ կառավարությունից պահանջվում է զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի կամքը՝ արտահայտված Անկախության հռչակագրով, ընթացող գործընթացների վերաբերյալ խորհրդարանական տարբեր ձևաչափերով ապահովել ԱԺ-ին հավաստի տեղեկատվության տրամադրումը, ԶՈՒ-ի բարեփոխումների և անվտանգային համակարգին վերաբերող հարցերում լինել հնարավորինս հրապարակային, առաջնագծում ապահովել անվտանգության անհրաժեշտ ամրաշինական, ինժեներական աշխատանքներն ու տեխնիկական համակարգերը, արագացնել անվտանգության համակարգի արդիականացման գործընթացը՝ այն համահունչ դարձնելով հետպատերազմական շրջանի սպառնալիքներին և տարածաշրջանում առկա մարտահրավերներին:
Սակայն քաղաքական մեծամասնությունը չմասնակցեց քվեարկությանը, և նախագիծը չընդունվեց, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ասել էր, թե հայտարարության տեքստին նախապես չեն ծանոթացել, հետևաբար՝ քվեարկությանը չեն կարող մասնակցել։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն անդրադառնալով ՔՊ-ի այս քայլին, նկատեց՝ ՀՀ ԱԺ-ում երբևէ չընդունեցին միասնականության, խաղաղության սկզբունքը, որ կան հարցեր, երբ անկախ քաղաքական հայացքներից՝ պետք է համախմբվեն, ինչպես, օրինակ, Արցախի ԱԺ-ում է։
«Արցախի ԱԺ-ում ստեղծվել են բարիկադներ, որտեղ, անկախ մեր կամքից, մենք և իշխող խմբակցությունը տարբեր կողմերում ենք գտնվում, բայց կա մեկ հարց, որտեղ բոլորս միասին ենք ու ունենք միևնույն կարծիքը՝ Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում։ Այս հարցի շուրջ մենք բոլորս դառնում ենք մեկ ուժ՝ մի կողմ դնելով բոլոր հակասությունները։ Այլ բան է, որ իշխանական թևը չի տիրապետում շատ նրբությունների, և այստեղ անում են այնպես, ինչպես իրենց թելադրում են Հայաստանից։ Այս առումով Հայաստանում խնդիրն ավելի լուրջ է, որովհետև ՔՊ-ականներն ի սկզբանե խնդիր ունեն լուծելու, և այդ խնդիրն Արցախի խնդրի լուծումն է, իրենք էլ Ադրբեջանի նման համարում են, որ այս պատերազմում այն լուծվել է։ Մեկ-երկու թույլ հայտարարությունները չեն կարող հիմք հանդիսանալ, որ ՀՀ ներկայիս իշխանությունը կարող է ի նպաստ Արցախի որևէ քաղաքականություն վարել»,- նշեց Մետաքսե Հակոբյանը։
Ըստ նրա, այս ամենը հաշվի առնելով, բնականաբար, ՔՊ-ին ձեռնտու չէ Արցախի վերաբերյալ հայտարարությունը, հետևաբար՝ նաև դրա քվեարկությանը մասնակցելը։
Ինչ վերաբերում է Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ մեկնելու վերաբերյալ խուսափողական պատասխանին, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանն Արցախ էր մեկնում, այցը երբեք չէր համաձայնեցնում Արցախի նախագահի հետ։
«Այն ժամանակ ինքն Արցախ գալու լուրջ պատճառ ուներ, բոլորն էլ հիշում են նրա տղայի ծառայության շոուն, երբ իր որդին շքեղ կահավորված բնակարանում էր անցկացնում ծառայությունը՝ տասնյակ թիկնապահների հսկողության տակ։ Այն ժամանակ որպես ծնող՝ գալիս էր Արցախ իր տղային տեսակցության, իհարկե, բյուջեից մեծ ծախսեր անելով՝ մեքենաների շարասյունով կամ ուղղաթիռով էր գալիս։ Այդ շոուի ընթացքում նա լուրջ մեսիջներ էր ուղարկում Ալիևին։ 2019 թվականին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, երբ Արցախի ներկայիս նախագահն այն ժամանակ վարչապետ էր, և Նիկոլը փորձեց նվաստացնել Բակո Սահակյանին՝ նրան համարելով մարզպետ։ Ինքն ուներ հստակ նպատակ, այդ պատճառով էլ հաճախակի այցելում էր Արցախ»,- շեշտեց պատգամավորը։
Մ. Հակոբյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը երկու պատճառով չի մեկնում Արցախ։ Նախ, Արցախ չգնալով՝ Ադրբեջանի իշխանություններին ցույց է տալիս, որ համահունչ է գործում նրանց հետ, այսինքն՝ փակել է Արցախի թեման։ Նաև, ըստ նրա՝ շրջանառվող լուրեր կան, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից արգելված է ՀՀ իշխանություններին մեկնել Արցախ։
«Երբ ասում է՝ անհրաժեշտություն լինի, կգնա Արցախ, իհարկե, անհրաժեշտությունը լինելու է հրահանգը։ Աստված ոչ անի, եթե լինի այդ անհրաժեշտությունը, որովհետև մենք կտեսնենք հաջորդ վտանգը, կհասկանանք, որ մեզ ևս մեկ աղետ է սպասվում»,- եզրափակեց Մետաքսե Հակոբյանը։
168.am