Պահնորդական ծառայություն իրականացնելու համար երեկ Ամուլսար ժամանած «Սեքյուրիթի» ընկերության աշխատակիցներներն այսօր՝ րոպեներ առաջ, դարձյալ հանդիպել են բնապահպան ակտիվիստների ու տեղաբնակների ընդվզմանը։ Ոստիկանության ներկայացուցիչը հորդորել է հանդուրժողականության ու կառուցողական մթնոլորտում բանակցել։ Ամուլսարի պաշտպանները երեկվանից իրենց պայմաններն են պարտադրում՝ պահնորդական ծառայություն Ամուլսարի տարածքում իրականացվելու է հերթափոխով՝ ներառելով հաշված թվով պահնորդների, որոնք տարածք կարող են մուտք գործել միայն տարբերանշանով ավտոմեքենաներով։
Մյուս պահնորդները պետք է բնակվեն ոչ թե տարածքում գտնվող վագոն-տնակներում, այլ շատ ավելի հեռու՝ հյուրանոցում, ինչպես որ արել են իրենց նախորդները՝ «Պանտերա» պահնորդական ծառայության աշխատակիցները։ Ամուլսարի հարակից բնակավայրերի բնակիչները հայտարարել են՝ ոչ ոք՝ ո՛չ վարչապետը, ո՛չ այլ ոք չի կարող իրենց իրավունքներն ու պահանջները հաշվի չառնել։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը երեկվանից «Պանտերային» փոխարինել է «Սեքյուրիթի» պահնորդական ծառայությամբ, որպեսզի Ամուլսարում շարունակի իրականացվել «Լիդիան Արմենիայի» գույքի, տեխնիկայի հսկողություն և պահպանում։ Ամուլսարի պաշտպանները հանդես են եկել հայտարարությամբ․ «Ամուլսարի պահապանների մեջքին կանգնած է գրեթե ողջ Ջերմուկ համայնքը և տասնյակ հազարավոր մարդիկ ամբողջ Հայաստանից ու աշխարհի տարբեր ծայրերից: Այս մասին են փաստում մոտ 3000 ստորագրություններով հանրագիրը, բազմամարդ ակցիաներն ու հսկայական աջակցությունը, որ այս պայքարին ցույց են տալիս գիտակից մարդիկ:
Հուսով ենք, որ սադրանքի կազմակերպիչները կբացահայտվեն և նրանց գործողությունները կկանխվեն: Ակնկալում ենք նաև բազմաթիվ իրավախախտումների ու կեղծիքների վրա հիմնված այս նախագծի վերջնական դադարեցում ՀՀ կառավարության կողմից»։