Ամերիկյան վարչակազմը փակում է ԱՄՆ-ում ռուսական վիզաների կենտրոնի երկու մասնաճյուղերը, ինչպես նաև ռուս դիվանագետներին զրկում է երկրում հարկեր չվճարելու հնարավորությունից։
Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը։
«Մեր դեմ ամեն օր հարձակումներ են կատարվում, իսկ այսօր՝ բառացիորեն մեկ ժամ առաջ, ամերիկացիները մեզ ծանուցում ուղարկեցին, որ վիզաների կենտրոնը փակվում է, և հիմա լրացուցիչ բեռ է ընկնում ռուս դիվանագետների ու հյուպատոսների ուսերին։ Եվ ես ուզում եմ անմիջապես ասել՝ մենք մեր հայրենակիցների կողքին ենք, որպեսզի նրանց տրամադրենք անհրաժեշտ իրավական և հյուպատոսական աջակցություն։
Եվս մեկ մանր, զզվելի հարձակում ռուս դիվանագետների վրա։ Նրանք խլեցին մեր հարկերից ազատման քարտերը»,- ասել է Անտոնովը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը չի պարզաբանել իր գործողությունները։
«Փաստն այն է, որ Մոսկվայում և Ռուսաստանում ամերիկացիները չունեն այն խնդիրները, ինչ մենք ունենք մեր հայրենակիցներին սպասարկելու հարցում, այդ իսկ պատճառով նրանք շարունակում են սառեցված պահել իրենց երկու գլխավոր հյուպատոսությունները»,- պարզաբանել է դեսպանը։