Խորհուրդս ՀՀ իշխանություններին և մեր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ օգտագործե՛ք այս օրինակը, Ադրբեջանի բանտերից ազատ արձակե՛ք բոլոր մեր քաղաքացիներին և ԼՂ ժողովրդի կողմից ընտրված և նշանակված առաջնորդներին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Այսօր, արևմտյան մի շարք երկրների, մասնավորապես ԱՄՆ-ի, Գերմանիայի, Լեհաստանի, Սլովենիայի, Նորվեգիայի և Թուրքիայի ջանքերով ՌԴ նախագահի ներմանն արժանացան և փոխանակվեցին 16 քաղաքական կամ խղճի բանտարկյալներ, ովքեր ազատազրկված էին Ռուսաստանի Դաշնությունում։
Հատկանշական է, որ արևմուտքը, լինելով պատերազմի մեջ ՌԴ-ի հետ, օգտագործում է բանակցային բոլոր հնարավորությունները՝ ՌԴ բանտերում պահվող տարբեր երկրների քաղաքացիների ազատ արձակման համար։
Նույն արևմտյան երկրները ամեն օր հայտարարում են, որ աջակցում են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը։ Արդյո՞ք Հայաստանի իշխանությունները բարձրացնում են Ադրբեջանում պահվող քաղաքական և խղճի բանտարկյալների՝ Հայաստանի քաղաքացիների ազատ արձակման հարցը։ Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ամենօրյա աշխատանք են տանում այս ուղղությամբ։
Արդյո՞ք արևմտյան պետությունները, որոնք ցանկանում են, որ խաղաղություն լինի Հայաստանի և Ադրբեջանի միջև, չեն փորձում խղճի, պատերազմի հայ բանտարկյալներին ազատ արձակել Ադրբեջանի բանտերից, որի հետ ունեն ռազմավարական համագործակցություն և ի տարբերություն ՌԴ-ի՝ արևմուտքն ու Ադրբեջանը պատերազմի մեջ չեն գտնվում միմյանց դեմ։
Լեռնային Ղարաբաղի ժողովրդավարական ճանապարհով ընտրված նախկին նախագահները ճանաչվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից, և այդպիսով նրանք ավելի բարձր կարգավիճակ ունեն ու ավելի մեծ շանսեր նման ճանապարհով ազատ արձակվելու։ Ուղղակի զբաղվող է պետք, աշխատել է պետք այդ ուղղությամբ, և այն, ինչ այսօր տեղի ունեցավ, հրաշալի օրինակ է։
Խորհուրդս ՀՀ իշխանություններին և մեր դիվանագիտական ներկայացուցչություններին՝ օգտագործե՛ք այս օրինակը, Ադրբեջանի բանտերից ազատ արձակե՛ք բոլոր մեր քաղաքացիներին և ԼՂ ժողովրդի կողմից ընտրված և նշանակված առաջնորդներին»։