Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ակնկալում է, որ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի համաժողովի 26-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա Գլազգոյում հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 12-ը, կընդունվեն որոշումներ, որոնք թույլ կտան Երկրի վրա գլոբալ տաքացումը սահմանափակել Ցելսիուսի մեկուկես աստիճանի սահմաններում: Այդ մասին ասված է ԱՀԿ զեկույցում, որի հեղինակները հիշեցրել են կլիմայի փոփոխության բացասական հետևանքների մասին:
«Կլիմայի փոփոխությունը մարդկության առջև ծառացած առողջապահական ամենամեծ սպառնալիքն է», – ասվում է զեկույցում: Ընդգծվում է, որ «կլիմայական ճգնաժամը սպառնում է չեղարկել աշխարհում առողջության և աղքատության կրճատման ոլորտում վերջին 50 տարիների ընթացքում գրանցված առաջընթացը»:
ԱՀԿ-ն բացատրել է, որ կլիմայի փոփոխությունն «արդեն ազդում է մարդու առողջության վրա»: Մասնավորապես, եղանակային ծայրահեղ իրադարձությունները, ինչպիսիք են ջերմային ալիքները, փոթորիկներն ու ջրհեղեղները, հանգեցնում են մահացության և հիվանդացության աճի:
Այս առումով փորձագետները պետություններին կոչ են արել «պաշտպանել քաղաքացիներին կլիմայի փոփոխության խորացումից»՝ ձեռնարկելով անհրաժեշտ գործողություններ էներգետիկայի, տրանսպորտի և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում: