WhatsApp մեսենջերը կորցնում է օգտվողներին գաղտնիության քաղաքականության թարմացումից հետո: Բջջային հավելվածների վերլուծությամբ զբաղվող Sensor Tower ընկերության տվյալներով՝ WhatsApp-ի ներբեռնումները կրճատվել են 10,6 միլիոնով՝ համեմատած մեկ շաբաթ առաջ 12,7 միլիոնի հետ։
Միաժամանակ Signal-ի եւ Telegram-ի ներբեռնումներն ավելանում են: Այսպես, հունվարի 5-12-ը Signal-ը ներբեռնվել է 17,8 միլիոն անգամ՝ Apple-ով եւ Google-ով, ինչը 61 անգամ ավելին է նախորդ շաբաթվա 285 000-ից: Ըստ Sensor Tower-ի՝ հունվարի 5-12-ը Telegram-ը ներբեռնվել է 15,7 միլիոն անգամ, մոտավորապես կրկնակի ավել նախորդ շաբաթվա 7 միլիոնից։
Փորձագետները կարծում են, որ այս փոփոխությունը կարող է արտացոլել սոցիալական ցանցերի պահպանողական օգտվողների հոսքը, որոնք այլընտրանքներ են փնտրում այնպիսի հարթակներին, ինչպիսիք են Facebook-ը, Twitter-ը եւ Parler-ը: Անցյալ շաբաթ խոշոր սոցիալական ցանցերը արգելափակել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հաշիվները եւ խստացրել բռնություն հրահրելու եւ ատելության խոսքի դեմ պայքարելու միջոցները: Parler-ը հեռացվեց ինտերնետից այն բանից հետո, երբ Apple-ը եւ Google-ը արգելեցին այն իրենց ծրագրային խանութներից` հրահրումները զսպել չկարողանալու համար: Դրանից հետո Amazon-ն անջատեց Parler-ին իր ամպային հոսթինգի ծառայությունից:
Փորձագետները մտավախություն ունեն, որ այդ գործողությունները կարող են հանգեցնել գաղափարախոսության հետագա ավելի մեծ պառակտումների եւ ավելի թաքցնել ծայրահեղականությունը ինտերնետի մութ անկյուններում, ինչը կբարդացնի դրանց հետեւելն ու հակազդելը:
WhatsApp-ը տեղեկացրել է օգտվողներին, որ եթե նրանք մինչեւ փետրվարի 8-ը չընդունեն գաղտնիության նոր քաղաքականությունը, նրանք կանջատվեն մեսենջերից:
Sensor Tower-ի գնահատմամբ՝ 2014 թվականից ի վեր աշխարհում Signal-ը ներբեռնվել է շուրջ 58,6 միլիոն անգամ: Նույն ժամանակահատվածում Telegram-ը ներբեռնվել է շուրջ 755,2 միլիոն անգամ, իսկ WhatsApp-ը՝ 5,6 միլիարդ՝ գրեթե ութ անգամ ավելի, քան Telegram-ը:
News.am