Ավստրալացի գիտնականները COVID-19-ի կանխարգելման և բուժման համար մշակել են երկու նոր պատրաստուկ, որոնք կարող են օգտագործվել պատվաստումների փոխարեն: Երեքշաբթի օրը այդ մասին հայտնել են բժշկական հետազոտությունների Բերգհոֆեր ինստիտուտից, որը գտնվում է Բրիսբենում:
COVID-19-ի ծանր ձևերի կանխարգելման և բուժման համար ստեղծված պատրաստուկները Ֆրանսիայում արդեն անցնում են կենդանիների վրա լաբորատոր հետազոտություններ, և առաջին արդյունքները ցույց են տալիս, որ դեղերն անվտանգ են օգտագործման համար և ունեն միայն սահմանափակ թվով կողմնակի բարդություններ:
Բացի դրանից, ինչպես նշում են հետազոտողները Nature Cell Discovery գիտական ամսագրում հրապարակված զեկույցում, դրանք պահպանման հատուկ պայմաններ չեն պահանջում: Հետազոտողները նշում են, որ երկու դեղերի ազդեցությունն ուղղված է ոչ թե բուն SARS-CoV-2 վիրուսին, այլ այն բջիջներին, որոնց վրա վիրուսը հարձակվում է:










